Օգոստոսին Ծաղկունք գյուղում տեղի կունենա «Լավաշի օր»-ը, հյուրը կլինի Էմիր Կուստուրիցան


Օգոստոսին Ծաղկունք գյուղում տեղի կունենա «Լավաշի օր»-ը, հյուրը կլինի Էմիր Կուստուրիցան

  • 21-02-2020 16:13:03   | Հայաստան  |  Հասարակություն

2020 թվականի Օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում կմեկնարկի «Լավաշի օր»-ը միջոցառումը: Միջոցառումը նվիրված է լինելու հայկական լավաշին, որը 2014 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում և հանդիսանում է հայերի արժեհամակարգի կարևորագույն տարր: Միջոցառման օրը գյուղը կերպարանափոխվելու է, ըստ հետաքրքրությունների՝ բաժանվելու գոտիների: 
 
Գլխատների գոտի 
 
Գյուղում առկա գլխատներում հյուրերը կարող են ականատես լինել լավաշի թխման ավանդական ձևին, ինչպես նաև հնարավորություն կունենան համտեսել թարմ թխված լավաշը գյուղական արտադրության մթերքներով: Յուրաքանչյուր գլխատանը կից կլինի նաև բրդուճի գոտի, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան թարմ թխած լավաշով և բանջարեղենով պատրաստել բրդուճներ:
 
Գաստրո գոտի  
Գաստրո գոտում ներկայացված են լինելու տարածաշրջանի տեղական և Երևանի մի շարք ռեստորանային համալիրներ, որտեղ հյուրերը կարող են գտնել ոչ միայն հայկական խոհանոցի համեղ ուտեստներ, լավաշով պատրաստվող զանազան կերակուրներ, այլ նաև ըմպելիքների լայն տեսականի՝ կոմպոտներ, թան և այլն։ Բացի ներկայացված սննդից, մասնակիցները կարող են համտեսել գյուղական առողջ սնունդ՝ այցելելով տեղաբնակներին:
 
Գյուղմթերքի գոտի (Էկո գոտի) 
 
Հաշվի առնելով, որ այսօր ամբողջ աշխարհում էկո սնունդը բարձր է գնահատվում՝ այն մեր և մեր սերունդների առողջության գրավականն է: Միջոցառմանը առանձին հատվածում ներկայացվելու է էկո սնունդ: 
 
Համայնքների գոտի 
 
Այս հատվածում հնարավորություն կունենաք ձեռք բերել տեղացիների կողմից պատրաստված տնական, գյուղական համեղ ուտելիքներ, պահածոներ, մուրաբաներ և այլ արտադրանքներ: Միջոցառմանը կներկայանան Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր և Գեղամավան համայնքները: 
 
Մրցույթների գոտի 
 
Այս գոտում կմեկնարկեն մրցույթները: Մրցույթը կանցկացվի տարբեր անվանակարգերում՝ «Թխած ամենագեղեցիկ լավաշը», «Լավաշը ամենաարագ ուտողը» և այլն: Յուրաքանչյուր անվանակարգում կլինի մեկական հաղթող, ով միջոցառման ժամանակ կստանա նաև մրցանակներ: 
 
Սերբական հացի գոտի 
 
Միջոցառման այս տարվա հյուր-երկիրը Սերբիան է, ով կներկայացնի իր ազգային խոհանոցը և տեղում կթխի իրենց պոգաչա ազգային հացը։ Ներկաները հնարավորություն կունենան տեսնել հացի թխման ընթացքն ու համտեսել ներկայացված սնունդը:
 
Երաժշտական կատարումների և թատերական ներկայացումների գոտի 
 
Դե, էլ ինչ տոն՝ առանց երգ ու պարի։ Օրվա ընթացքում ելույթ կունենան ազգային և ժամանակակից երաժշտական խմբեր՝ օրն ավելի ուրախ դարձնելու համար։ Բացի երաժշտական կատարումներից, կցուցադրվի տիկնիկային ներկայացումներ՝ հայկական մշակույթի և լավաշի ուրախ ավանդույթները գունավոր և պատկերավոր ներկայացնելու համար։ 
 
Օղու թորման գոտի 
 
Միջոցառման հետաքրքիր առանձնահատկություններից մեկն էլ օղի թորելու գործընթացն է լինելու: Տեղում թարմ մրգերից օղի կթորեն, այնպես, որ մասնակիցները ականատես լինեն գործընթացին։ Թորած օղին նաև կվաճառվի, սակայն սահմանափակ քանակությամբ։
 
Ալկո գոտի 
 
Հայաստանը աշխարհին հայտնի է իր գինու և կոնյակի տեսականիով: «Լավաշի օր» միջոցառումը հնարավորություն է հանդիպել խմիչքի արտադրողներին և ծանոթանալ հայկական խմիչքների լավագույն տեսականուն:
 
Մանկական գոտի 
 
Մինչ մեծահասակները կշրջեն գյուղի տարածքում, լավաշ կթխեն և օղի կթորեն, երեխաները դաստիարակ-մասնագետների հետ միասին հատուկ տաղավարում կխաղան ազգային բարի ու մոռացված խաղեր: Այս գոտին նախատեսված է 3 և ավելի տարիքի երեխաների համար։ 
 
Վինիլ գոտի 
 
Այս գոտին նախատեսված է ալտերնատիվ երաժշտության սիրահարների համար։ Օրվա ընթացքում կնվագեն DJ-ներ և կհնչեն կենդանի կատարումներ։
 
Համերգային գոտի 
 
Ամենաակտիվ գոտիներից մեկը համերգային գոտին է։ Օրվա ընթացքում ելույթ կունենան տարբեր խմբեր, կկատարեն ազգային և ժամանակակից երաժշտական ստեղծագործություններ։ Օրվա ավարտին մասնակիցներին սպասվում է անակնկալ. ելույթ կունենա Էմիր Կուստուրիցան «No smoking archestra» խմբի հետ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play