Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունն ընդունվեԼ Է ամենաջերմ ու անվերջ ծափահարություններով


Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունն ընդունվեԼ Է ամենաջերմ ու անվերջ ծափահարություններով

  • 22-02-2020 12:30:13   | Հայաստան  |  Մշակույթ

Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» BWV 245 ստեղծագործությունը երկար դադարից հետո հնչեց Հայաստանում՝ արժանանալով բուռն ու անվերջ ծափահարությունների: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը փետրվարի 21-ին ներկայացրեց բացառիկ համերգ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անցկացված երեկոյին Բախի այս հանճարեղ գործը կատարեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Գերմանիայից մեր երկիր ժամանած Theodor Schüz Ensemble-ն ու իր երաժիշտները՝ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի (Գերմանիա) ղեկավարությամբ:
 
Ամելունգը, ով առաջին անգամ էր մեր երկրում, խոստովանեց, որ շատ տպավորված էր նվագախմբի և երգչախմբի հետ աշխատանքից: Նա շեշտեց՝ ինքն է ընտրել ստեղծագործությունը անսամբլի հետ, և ցանկացել հենց այս գործը կատարել մեր երկրում: Ի դեպ, գործը երևանյան բեմում հնչեց օրիգինալ լեզվով՝ գերմաներենով: Գերմանացի դիրիժորն առանձնահատուկ շեշտեց, որ հայկական և գերմանական երաժշտախմբերը քրտնաջան աշխատել են՝ նման արդյունքի հասնելու համար: Նա առանձնահատուկ կարևորեց այն հանգամանքը, որ ելույթի ընթացքում արտիստները ոչ թե կանգնած էին յուրաքանչյուրն իր կոլեկտիվի կողքին, այլ սփռված էին ամբողջ բեմով՝ այդպիսով ստեղծելով յուրատեսակ միասնություն:
 
Հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց երկու ժամանոց գործի կատարումը: Մի քանի րոպե տևողությամբ հոտնկայս ու անվերջ ծափահարությունները համերգի հաջողված լինելու ապացույցն էին: Ի դեպ, համերգին ներկա էր նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
 
Հավելենք, որ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» գործը արևմտաեվրոպական երաժշտության գագաթներից է: Այն ինքնատիպ ելևէջներով ներկայացնում է Հիսուսի չարչարանքները, անդրադարձ է կատարում Աստվածաշնչյան դրվագներին: Գործն առաջին անգամ հնչել է 1724 թվականին: Բախն այն մի քանի անգամ վերախմբագրել է: Հայաստանում այն վերջին անգամ հնչել է 1999 թվականին:
Նոյյան տապան  -   Մշակույթ