Փողն ընդդեմ պետական շահի


Փողն ընդդեմ պետական շահի

  • 22-02-2020 15:00:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀԺ  Ապրիլի 5-ին տեղի ունենալիք հանրաքվեն,վստահաբար, շրջադարձային է լինելու Հայաստանի ներքաղաքական իրավիճակի համար՝անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կարձանագրվեն: Շատերը դա գնահատում են որպես գործող իշխանությունների վստահության հանրաքվե եւ ինչ-որ իմաստով իրավացի են, որովհետեւ կոնկրետ հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ հանրության կարծիքը պետք է որ միանշանակ լինի, եւ այդ իմաստով որեւէ ինտրիգ չկա: Եվ ահա թե ինչու:
 
Պատկերացրեք՝ հանրաքվեի դրված հարցը ձեւակերպվեր այսպես. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի անկախ եւ քաղաքականապես չեզոք Սահմանադրական դատարան»: Միանշանակ՝ հանրության առնվազն 98 տոկոսն «այո» կասեր, որովհետեւ Հայաստանին իսկապես այդպիսի Սահմանադրական դատարան է պետք: Հատուկ շեշտում ենք՝ առնվազն 98 տոկոսը եւ ոչ թե 71 (այնքան, ինչքան խորհրդարանական ընտրություններում ստացել է «Իմքայլը» դաշինքը), որովհետեւ այլ ուժերի օգտին քվեարկածներն էլ կողմ կլինեին անկախ ՍԴ ունենալուն: Հիմա հաջորդ հարցը՝ հանրության քանի՞տոկոսն է կարծում, որ գործող ՍԴ-ն, Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, անկախ եւ քաղաքականապես չեզոք կառույց է: Վստահաբար՝ չնչին տոկոսը, որովհետեւ գործող ՍԴ կազմի քաղաքական համակրանքներն ակնհայտ են: Իսկ ի՞նչ անել, եթե ունենք ոչ անկախ Սահմանադրական դատարան, իսկ պետական շահը պարտադրում է, որՍԴ-ն անկախ լինի: Տեսականորեն գոյություն ուներ այս հարցը լուծելու երեք տարբերակ: Առաջին՝ ՍԴ նախագահն ու անդամները միանգամից հրաժարվում են իրենց անցյալից ու նախկինների հետ ունեցած կապերից եւ, ասես կախարդական փայտիկի շարժումով, միանգամից դառնում բացարձակապես չեզոք ու անկողմնակալ օրենքի նվիրյալներ: Ցավոք՝ գործնականում սա անհնար էր. Նախկին իշխանությունների հետ կապող թելերը բազմաթիվ էին, հաճախ՝ բավականին խճճված ու կասկածելի, դրանք մի հարվածով կտրելը՝ վտանգավոր: Երկրորդ տարբերակը՝ ՍԴ նախագահն ու անդամները գիտակցում են, որ իրենք իսկապես չեն կարող անկախ ու անկողմնակալ լինել, եւ կամովին հրաժարվում են պաշտոններից: Ցավոք՝ ժամանակը ցույց տվեց, որ այս տարբերակը նույնպես չափազանց լավատեսական է ու չի աշխատում: Եվ երրորդ տարբերակը՝ հանրաքվեի միջոցով փոխվում է Սահմանադրության այն հոդվածը, որը հնարավորություն է տալիս դեռ երկար ժամանակ Հայաստանում ունենալ ոչ անկախ Սահմանադրական դատարան՝ որպես նախկինների «վերջինբաստիոն»: Հասկանալի է, որ սա լավագույն տարբերակը չէ, առաջին եւ երկրորդ տարբերակներն ավելի նախընտրելի էին, բայց դա ոչ թե իշխանությունների, այլ ՍԴ ընտրությունն էր:
 
Հիմա՝ բուն հանրաքվեի մասին: «Այո»-ի շտաբի հիմնական դժվարությունը լինելու է մարդկանց համոզելը, որ անպայման պետք է ապրիլի 5-ին գնալ տեղամասեր եւ աջակցել իշխանությունների՝ անկախ եւ անկողմնակալ Սահմանադրական դատարան ունենալու նպատակին: Իսկ դա բավականին բարդ է լինելու, որովհետեւ հեղափոխությանը հաջորդած երկու տարիների ընթացքում նախկիններին հաջողվել է հսկայական միջոցներ ծախսելով «իրենցով անել» լրատվական-քարոզչական դաշտի մեծ մասը, իսկ քարոզչությունը շատ հզոր զենք է: Իսկ ահա «ոչի» կամ բոյկոտի կողմնակիցների հիմնական բարդությունը լինելու է այն, որ այս անգամ չեն կարողանալու կիրառել իրենց հիմնական «հնարքը» եւ ընտրակաշառք բաժանել: Եթե այդպիսի հնարավորություն ունենային՝ պրոբլեմ չկար: Մի կես միլիոն մարդու 10 հազարական դրամ կբաժանեին, եւ վերջ: Եղածը մեծ բան չէ՝ 5 միլիարդ դրամ (միայն Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը մոտ 3 միլիարդ է վերադարձրել պետությանը, ու վստահաբար՝ առանձնապես չի աղքատացել դրանից): Ու քանի որ ընտրակաշառք բաժանել չի ստացվելու՝ «ոչի» քարոզարշավն անիմաստ է դառնում, իսկ բոյկոտի կոչերը՝ տրամաբանական: Չէ՞ որ ընտրատեղամասեր չգնալու համար փող բաժանելու կարիք չկա, կարելի է միայն քարոզչամիջոցներով լվանալ մարդկանց ուղեղները, եւ վերջ:
 
Այնպես որ՝ իսկապես հետաքրքիր քարոզարշավ է սպասվում:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play