Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում

22-02-2020 14:38:01   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային գրասենյակի պատվիրակությանը։ Քննարկվել են Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտում հայ-շվեյցարական համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
 


Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանն ուրախությամբ նշել է, որ նշանակումից հետո իր առաջին պաշտոնական հանդիպումներից մեկը հենց այս կարևոր թեմայով է։ Նա արձանագրել է Հայաստանի կառավարության մոտեցումը` զարգացնել գյուղատնտեսությունը, որի նպատակն է նպաստել գործազրկության ցուցանիշի նվազմանը և աղքատության հաղթահարմանը։
 
Շվեյցարական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն տիկին Դանիել Մյուլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել ավելի քան 10 տարի Հայաստանում գյուղատնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում իրենց իրականացրած ծրագրերը։ Անցած տարիներին 6 մարզերի շուրջ 200 բնակավայրերում մսամթերքի և կաթի վերամշակման ամբողջական արժեշղթայի
ստեղծման ընթացքում շվեյցարական կողմի համար ակնհայտ է դարձել համապատասխան մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը։ Ըստ տիկին Մյուլի՝ դա է պատճառը, որ որոշում է կայացվել մեր երկրում իրականացվելիք ծրագրերում ներառել նաև կրթական բաղադրիչը։ Նա ասել է, որ թեև հնարավոր չի լինելու այս ոլորտում Շվեյցարիայի փորձը նույնությամբ ներդնել Հայաստանում, բայց դրա տեղայնացումը կարող է արդյունավետ լինել։
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը` համագործակցել միջին մասնագիտական կրթության ոլորտում։ Նրա խոսքերով, մեր երկրում նոր սպանդանոցների գործարկումից հետո ենթադրվում է, որ կզգացվի համապատասխան կարողություններ ունեցող մասնագետների կարիք։ Նախարարի տեղակալը կարևորել է, որ համագործակցության ծրագրերը կրեն համակարգային բնույթ, որ դրանցից օգտվեն ոչ միայն կոնկրետ համայնքներ ու ապագա ֆերմերներ, այլ երկարաժամկետ կտրվածքով դրական ազդեցությունը զգացվի նաև տնտեսության վրա։
 
ՀՀ ԿԳՄՍՆ Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքերով, վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտի զարգացումներն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ հակակարկտային ցանցեր, կաթիլային ոռոգման համակարգեր,
խելացի անասնագոմեր, ստեղծել են նոր մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, հայկական կողմը համապատասխան սարքավորումների և նյութատեխնիկական բազայի կարիք է ունենալու։
 
Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ առաջին քայլն արդեն արված է, նախապատրաստական աշխատանքներից, կարիքների գնահատումից, նոր գործընկերներ ու փորձագետներ ներգրավվելուց հետո, կազդարարվի ծրագրի մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 675 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար