Երևանի 12 սոցիալական աջակցության տարածքային բաժիններ պլանշետներ են ստացել՝ դեպքերի վարման գործառույթն ավելի արդյունավետ դարձնելու համար


Երևանի 12 սոցիալական աջակցության տարածքային բաժիններ պլանշետներ են ստացել՝ դեպքերի վարման գործառույթն ավելի արդյունավետ դարձնելու համար

  • 24-02-2020 18:02:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի 12 սոցիալական աջակցության տարածքային բաժինների տրամադրվել է երկուական պլանշետ՝ տնայցերի և դեպքերի վարման գործառույթն ավելի արագ, դյուրին ու թափանցիկ դարձնելու համար։ Պլանշետներն անձամբ հանձնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգում են սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումն ու մասնագիտական կարողությունների բարձրացումը։
 
Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև դեպքի վարման տեղեկատվական համակարգը, որի հիմնական նպատակը սոցիալական կարիքի գնահատման արդյունավետությունը բարձրացումն է:
 
  «Նախարարության նախաձեռնած բոլոր բարեփոխումներն ու գործընթացները վաղուց հասարակական լուրջ պահանջարկ ունեն: Խոսքը կարիքի միասնական գնահատման համակարգի ստեղծման, կարիքի վրա հիմնված ծառայությունների հասցեականության և այդ ծառայությունները արդյունավետ տրամադրման մասին է։ Մենք այսօր չունենք համապարփակ տեղեկատվական բազա՝ քաղաքացու սոցիալական խնդիրների ու կարիքների մասին, մյուս կողմից՝ այն ծառայությունները և ծրագրերը, որոնք տրամադրվում են այդ կարիքներին համապատասխան, դարձյալ փոխկապակցված չեն։ Դեպքի վարման միասնական տեղեկատվական համակարգը թույլ կտա, որպեսզի մենք կարողանանք դրանք դարձնել փոխկապակցված և արդյունավետ»,- նշել է Զարուհի Բաթոյանը։
 
  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս կարևորել է տեղեկատվական համակարգի կիրառումը և շարժական տեխնոլոգիաների միջոցով այն իրականացնելու հնարավորությունը, ինչը էապես կբարելավել սոցիալական աշխատողների կողմից տնայցերի իրականացման գործընթացը՝ բարձրացնելով թե՛ վերջինիս թափանցիկությունը և թե՛ արդյունավետությունը։
 
  «Որպեսզի ծրագրային ապահովումն իրապես աշխատանքային գործիք դառնա, սոցիալական աշխատողները կարողանան օգտագործել դա դեպքի վարման ընթացքում և իրականացնեն մասնագիտական աշխատանք, համապատասխան տեխնոլոգիական հագեցվածության կարիք կար։ Որպեսզի լուծում ստանար այս խնդիրը, նախորդ տարի կազմակերպվել է մրցույթ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների միջև՝ նպատակ ունենալով առաջին հերթին ձեռք բերել կապի ծառայություն»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը։ 
 
  Նշենք, որ պլանշետները առաջիկայում տրամադրվելու են նաև բոլոր մարզային սոցիալական աջակցության տարածքային բաժիններին։
 
 
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն