Զոհրաբ Մնացականյանի խոսքը Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ


Զոհրաբ Մնացականյանի խոսքը Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

  • 24-02-2020 18:45:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հարգելի գործընկերներ,
 
Ցանկանում եմ ողջունել իմ լավ գործընկեր Միրոսլավ Լայչակին՝ այս անգամ Երևան իր պաշտոնական այցելությամբ։
 
Կարծես թե իմ և պարոն Լայչակի համար արդեն բարի ավանդույթ է դարձել տարվա մեկնարկը տալ Երևանում մեր հանդիպմամբ։ Այս անգամ պարոն Լայչակը Հայաստանում է գտնվում շատ ողջունելի առիթով՝ ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության դեսպանության պաշտոնական բացման արարողությանը։ Երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանն ու Սլովակիան ձևավորել են փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ, և հավատացած եմ, որ Հայաստանում Սլովակիայի նստավայր դեսպանության հիմնումն որակապես նոր մակարդակի կբարձրացնի և կհարստացնի մեր երկկողմ օրակարգը:
 
Մեր քննարկմանը, իհարկե, անդրադարձանք հայ-սլովակյան հարաբերությունների բազմաշերտ օրակարգին, որի համատեքստում երկուստեք կարևորեցինք քաղաքական, առևտրատնտեսա­կան, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում համագործակցության ընդլայնումը և խորացումը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Իրապես մենք լավ առիթ ունեինք գնահատելու հայ-սլովակյան բավական հարուստ օրակարգը և այն ներուժը, որ բխում է մեր կարողություններից, մեր տնտեսությունների կառուցվածքից և այն կարևոր պայմաններից, որ ստեղծվում են և՛ Հայաստանում, և՛ Սլովակիայում՝ մեր տնտեսական ներուժը զարգացնելու համար, և դրանք բազմաթիվ են: Մենք անդրադարձանք տարբեր ոլորտների՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարությանը, ագրոբիզնեսի, տարբեր ենթակառուցվածքային ծրագրերի, տուրիզմի խթանման և տարբեր այլ բնագավառների:
 
Բնականաբար, մենք նաև անդրադարձանք բոլոր մակարդակներում հարաբերությունների համալրմանը: Մենք ունեն քաղաքական երկխոսության և ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների լավ ավանդույթ և մտադիր ենք դա շարունակել և կանոնավոր իրականացնել: Մենք ունենք շատ էական միջխորհրդարանական հարթակը, որտեղ նույնպես մտադիր ենք մեր կողմից ջանքեր ներդնել, որպեսզի այդ հարթակում ևս ունենանք ակտիվ երկխոսություն: Ապակենտրոնացված համագործակցությունը նույնպես ունի լավ օրինակներ և այդ օրինակների վրա հիմնվելով՝ մենք մտադիր ենք կառուցել նոր օրակարգ և ընդլայնել այդ հարթակը: Ներկայումս Արմավիրի և Տրնավա մարզերի միջև առկա է համագործակցություն, և վստահ ենք, որ խորացնելով եղածը՝ մենք կկարողանանք ընդլայնել նաև հնարավորությունները մյուս մարզերի համար:
 
Փոխադարձ պատրաստակամություն հայտնեցինք գործնական քայլեր ձեռնարկել լիարժեքորեն օգտագործելու առևտրատնտեսական ոլորտում առկա և դեռևս չիրացված ներուժը:
 
Պարոն Լայչակի հետ արդյունավետ մտքերի փոխանակում իրականացրինք նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգային հարցերի շուրջ: Մենք շնորհակալ ենք Սլովակիայի կառավարությանը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար: Սլովակիան առաջիններից էր, որ վավերացրեց այս պայմանագիրը: Ես և իմ գործընկերը համակարծիք ենք, որ Արևելյան գործընկերությունը արդյունավետ բազմակողմանիության չափազանց կարևոր հարթակ է, հատկապես այն պետությունների միջև, որոնք կիսում են ընդհանուր արժեքներ:
 
Իրապես Եվրամիության օրակարգը և դրա տարբեր ճյուղերը մեր հանդիպման ժամանակ բավական ընդարձակ քննարկման առարկա էին, և այստեղ մենք ունենք միասին աշխատելու բավական հարուստ փորձ: Ես շատ շնորհակալ եմ, որ Սլովակիան բավական առաջադեմ դերակատարություն ունի Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում, ինչպես երկկողմ առումով, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում: Սլովակիան նաև այսպես ասած «V4»՝ Վիշեգրադյան քառյակի ձևաչափի անդամ է, և այդ ձևաչափը նույնպես բավական օգտակար հարթակ է Հայաստանի և Եվրամիության օրակարգը զարգացնելու և ամրապնդելու առումով:
 
Մենք անդրադարձանք տարբեր այլ հարթակներում և միջազգային կազմակերպություններում մեր համագործակցությանը։ Ես առիթ ունեցա ևս մեկ անգամ շնորհավորելու Սլովակիային և անձամբ պարոն Լայչակին՝ 2019թ-ի ընթացքում ԵԱՀԿ-ում Սլովակիայի արդյունավետ նախագահության համար: ԵԱՀԿ-ն շարունակում է մնալ այն կարևոր հարթակներից մեկը, որտեղ մենք բավական լավ երկկողմ համագործակցություն ունենք Հայաստանի և Սլովակիայի միջև: Գնահատեցինք մեր համագործակցությանը այլ հարթակներում՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ, ինչպես նաև Սլովակիայի հետ  համագործակցությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում:
 
Մենք առիթ ունեինք անդրադառնալու Հայաստանում և Սլովակիայում բարեփոխումների օրակարգին: Ես ներկայացրի նաև Հայաստանի բարեփոխումների օրակարգը, և թե ինչպես ենք համագործակցում մեր գործընկերների հետ միջազգային հարթակներում տարբեր ուղղություններով:
 
Նաև խոսեցինք ՄԱԿ-ի շրջանակներում մեր համագործակցության մասին: Այստեղ մենք նույնպես ունենք բավական հարուստ փորձ: Գիտենք, որ Հայաստանը դարձավ Մարդու իրավունքների խորհրդի անդամ: Սլովակիան դեռ մեկ տարի շարունակելու է անդամակցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում: Սա ևս մեկ առիթ է, որպեսզի մենք միասին աշխատենք մեր ընդհանուր օրակարգի շուրջ այդ հարթակում: 
 
Անդրադարձանք տարածաշրջանային հարցերի և օրվա ընթացքում առիթ ունենալու ենք ավելի ընդարձակ խոսելու տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներ ներկայացնող տարբեր օրակարգային հարցերի շուրջ: Դրանք, գիտենք, բազմաթիվ են, և մենք այստեղ նույնպես ունենք միասին քննարկելու բավական բովանդակություն:
 
Բնականաբար անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին իրական բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը: Վերջինիս շուրջ ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չկոչելը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժող առավելապաշտական դիրքերից հանդես գալը խոչընդոտում են խաղաղ գործընթացում առաջընթացի արձանագրմանը:
 
Այսքանով ես կարծում եմ, որ կսահմանափակվեմ, և սիրով խոսքը ցանկանում եմ փոխանցել Միրոսլավին: Եվս մեկ անգամ բարի գալուստ Երևան, սիրելի՛ Միրոսլավ, և իրապես շատ ոգևորիչ առիթ է այս այցը, քանի որ մենք ունենք շատ կարևոր միջոցառում՝ Սլովակիայի դեսպանության պաշտոնական բացումը, որը տեղի կունենա մեր այս մամուլի ասուլիսից հետո: Իրապես շատ ողջունելի, շատ լավ օր է մեզ համար և մեր երկկողմ հարաբերությունների համար:
 
Շնորհակալություն։
 
Սպուտնիկ Արմենիա․ Պարոն Մնացականյան, վերջերս Ղարաբաղյան հարցի շրջանակներում շատ է խոսվում անվտանգության խնդրի մասին։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես Մյունխենում, շեշտը դրել էր անվտանգության երաշխիքների վրա։ Արդյո՞ք ազգերի ինքնորոշման հարցը երկրորդ պլան է մղվել, թե՞ այն գոյություն ունի և չի կորցրել իր արդիականությունը։ Եվ երկրորդ հարցը․ վիրավոր ունենք սահմանին, և դա տեղի ունեցավ Անվտանգության խորհուրդների նիստից հետո: Արդյո՞ք սա կարող ենք համարել որպես պատասխան, քանի որ այնտեղ որոշակի հայտարարություններ հնչեցին, որոնք կարող էին Ադրբեջանի արձագանքն ակնկալել։
 
Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն Ձեր երկու հարցերի համար։ Ինչ վերաբերում է Ձեր առաջին հարցին․ այդ ձևակերպումը, որ Դուք հնչեցրեցիք՝ արդյո՞ք ինքնորոշման իրավունքը տեղ ունի, թե ոչ, վստահաբար Դուք և այն բոլոր անձիք, ովքեր մասնագիտորեն հետևում են գործընթացին, չեն առաջնորդվում միայն մեկ հանգամանքով, այլ իր համապարփակության մեջ են տեսնում այդ ամենը։ Ձեր հարցի պատասխանը շատ պարզ է. ի՞նչն է Ձեզ դրդել ենթադրելու, որ մենք երբևէ կարող ենք վերանայել էական շատ կարևոր սկզբունք։
 
Ես ձեռքիս տակ ունեմ և ուղղակի կկարդամ այն հատվածը, որն արտահայտված էր իմ ելույթում, որը վերջին օրինակներից մեկն է, որովհետև յուրաքանչյուրը, ով հետևում է ամբողջ դինամիկային, ամբողջ գործընթացին, կտեսնի, որ այս հարցը մշտապես եղել և մնում է և տրամաբանորեն չի կարող վերանալ մեր օրակարգից։ Թույլ տվեք իմ ելույթից ընթերցեմ այն հատվածը, որը ես հնչեցրի Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին. «Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը: Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: Առանց սահմանափակման տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը՝ ունենալ և որոշել իրենց կարգավիճակը Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչն արտահայտվեց նաև 2016թ․ ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայում։ Այս ամենն ընդգծում է Ադրբեջանի, Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը»:
 
Սա հնչեցվել էր ընդամենը երկու ամիս առաջ Բրատիսլավայում, և առաջին անգամ չէ, որ այն հնչեցվել է։ Սա կարևորագույն տարր է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման դիրքորոշման մեջ։ Որևէ կերպ կասկածի տակ դնել այդ մոտեցումը և ենթադրել, որ անվտանգությունը և ստատուսը միմյանցից տարանջատված են, կարծում եմ, մենք դրա որևէ առիթ չենք տվել և նպատակ չունենք տալու։
 
Ինչ վերաբերում է վերջին դեպքին, անկեղծ ասած, ես դրա մասին իմացա հանդիպման ընթացքում: Դեռ առիթը չեմ ունեցել խոսելու մյուս գործընկերների հետ, բայց կարող եմ ասել, որ չափազանց մտահոգիչ է, որովհետև, գիտեք՝ էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը մեզ համար ամբողջ բանակցային փաթեթի կարևորագույն տարրն է։ Էսկալացիայի ռիսկերի աճը հնարավորություն չի տալու իրական առաջընթաց ունենալ բանակցային գործընթացում։ Մենք ունենք կարևոր ձեռքբերում 2019թ․ ընթացքում․ էսկալացիայի ավելի նվազ պատկեր, մենք ունենք լավ օրինակ, երբ դրա համար օգտագործվում է ուղիղ կապը: Իհարկե, երբ ես ասում եմ նվազ, ինձ համար փոքր-ինչ դժվար է, որովհետև, եղել են զոհեր, և անգամ մեկ զոհն ավելի քան շատ է: Համեմատական առումով եղել է ավելի նվազ էսկալացիա, և շատ էական է պահպանել էսկալացիայի նվազ ռիսկերը։ Այստեղ անհրաժեշտ է լինելու ավելի հստակ հասկանալ՝ ինչ զարգացումներ են եղել։ Հայկական կողմից եղել է վիրավոր, և դա իհարկե շատ մտահոգիչ է, անընդունել, և մենք մեր կողմից շարունակելու ենք շատ հստակ առաջ տանել այն օրակարգը՝ կոնկրետ առաջարկներով. այստեղ կոնկրետ հարցեր կան՝ կապված ռիսկերի նվազեցումն իրականացնելու հետ և միջոցառումներ, որոնք բխում են թե՛ նախկինում ձևավորված առաջարկներից, թե՛ ներկայումս ձևավորված մոտեցումներից։ Շատ հստակ առաջարկներ են, կան շատ հստակ մոտեցումներ, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել, և առավել անհրաժեշտ է կառուցել այն դրականի վրա, որ մենք ունեցանք 2019 թվականին, կառուցելու, ամրապնդելու զինադադարի ռեժիմը և թույլ չտալու որևէ էսկալացիայի ռիսկ, որովհետև վտանգի և վտանգի սպառնալիքի մեթոդները չեն աշխատել և խստորեն մերժվում են։ 
 
Արմենպրես. Պարոն Մնացականյան, Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ կարգավորումն, այսպես ասած, «Դարի Գործարքին» է վերաբերում. ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն այս հարցի շուրջ: Ձեր թույլտվությամբ, մեկ հարց էլ Իտալիայում կորոնավիրուսի տարածման  հետ կապված, արդյո՞ք քննարկվում է Իտալիայի հետ օդային հաղորդակցությունը սահմանափակելու հարցը:
 
Զոհրաբ Մնացականյան: Շնորհակալություն Ձեր երկու հարցերի համար: Իրականում, շատ շնորհակալ եմ, որ առիթ է հնչեցնելու մեր դիրքորոշումը Ձեր առաջին հարցի կապակցությամբ՝ իսրայելա-պաղեստինյան խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի` երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը և կողմերի միջև բանակցությունների վերսկսման ջանքերին: Ընդունելով իր քաղաքացիների համար խաղաղ և անվտանգ պետություն ունենալու Իսրայելի իրավունքը՝ միաժամանակ աջակցում ենք Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործմամբ անկախ պետության ստեղծման ձգտմանը: Հայաստանն առանձնահատուկ ուշադրությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ընթացող զարգացումներին, ինչը պայմանավորված է Սուրբ  քաղաքում հայկական դարավոր ներկայությամբ, հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Հայ Առաքելական եկեղեցին սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկն է:
 
Հայաստանը դիտում է Արևելյան Երուսաղեմը` որպես 1967թ. գրաված տարածքների մի մաս և գտնում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների արդյունքում: Այս դիրքորոշումը, որին ես մոտեցա շատ պեդանտ ձևով, արտահայտում է Ձեր հարցի պատասխանը:
 
Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ՝ կորոնավիրուս վարակի տարածմանն առնչվող հարցին, բնականաբար, դա մարտահրավեր է բոլոր երկրների համար, և այստեղ մեզ համար կարևորագույն մոտեցում է համագործակցության միջոցով գտնել ճանապարհները՝ վերահսկելու, կանխարգելելու ու հաղթահարելու այս վարակը: Այդ առումով մենք շատ սերտ աշխատել ենք Չինաստանի հետ ու միջոցառումներ ձեռնարկել, մենք այս պահին սերտ աշխատում ենք նաև Իրանի հետ: Հենց այս պահին՝ մեր մամուլի ասուլիսին զուգահեռ դեռևս շարունակվում է կառավարության նիստը, որը վարում է վարչապետ Փաշինյանը՝ ձևավորելու համար ավելի կոնկրետ քայլեր, որոնք վերաբերում են այս համաճարակի հաղթահարմանը, որն արտահայտվեց նաև Իրանում։ Ցանկանում եմ ընդգծել, որ մենք այս հարցում համագործակցում  և սերտ աշխատում ենք մեր բարեկամ Իրանի իշխանությունների հետ, Իրանի ժողովրդի հետ, Իրանի կառավարության հետ, որպեսզի միասին գտնենք ճանապարհները լավագույնս աշխատելու այս ուղղությամբ: Աշխատում ենք նաև մյուս գործընկերների հետ:
 
Ինչ վերաբերում է Իտալիային, սա նույնպես, բնականաբար, չէր կարող վրիպել մեր ուշադրությունից, և այստեղ նույնպես մենք գնահատում ենք, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի նորից միասնաբար հաղթահարենք, որպեսզի մեր բնակչությունը պաշտպանված լինի, աշխատենք միասին, որպեսզի թույլ չտանք համաճարակի տարածումը և ի վերջո հաղթահարենք այն: Սա է ընդհանուր մոտեցումը, տրամաբանությունը: Այժմ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում այս վերջին զարգացումների հետ կապված:
 
Ինչ վերաբերում է մյուս օջախներին, մենք նույնպես քննարկում ենք և կարտահայտենք ավելի կոնկրետ քաղաքականությունը.  միաժամանակ հասկանում ենք, որ ժամանակը նշանակություն ունի, ժամանակի կորուստը մենք շատ լավ գիտակցում ենք և պետք է այնպես անենք, որ ժամանակի կորուստ թույլ չտանք:
 
Ազատություն ռ/կ. Պարոն Մնացականյան, Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպման ձևաչափի քննադատություններին, վստահ եմ, ծանոթ եք: Կխնդրեմ մանրամասնեք. ու՞մ գաղափարն էր դա, ինչու՞ հայկական կողմը համաձայնեց, և Դուք անձամբ ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպման արդյունքները:
 
Եվ շաբաթ օրը Անվտանգության խորհրդի նիստում պարոն Փաշինյանը անդրադարձավ Մյունխենյան քննարկումներին, տվեց «Մյունխենյան սկզբունքներ» անվանումը: Ի՞նչ են ներկայացնում այդ սզբունքները. դրանք փաստաթղթի տեսք ստացե՞լ են և բանակցային սեղանի՞ն են, և եթե այո՝ ինչ է դա իրենից ենթադրում, ինչ-որ կետերով, կամ նախկին սկզբունքները այդպիսով չեղարկվո՞ւմ են, թե՞ ոչ: Պետք է խնդրեմ՝ մանրամասնեք:
 
Զոհրաբ Մնացականյան. Սկսեմ վերջին հարցից, ինչ վերաբերում է սկզբունքներին: Վարչապետի կողմից արտահայտված Մյունխենյան սկզբունքներն ավելի համապարփակ կերպով արտահայտում են այն, ինչը խոսվեց Մյունխենում: Դրանք համալրում են սկզբունքորեն այն մոտեցումը, որ Մյունխենյան սկզբունքների մեջ որևէ բան արտահայտված չի, որը վերափոխում է, վերաձևավորում մեր ձևավորված դիրքորոշումը, մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի ընդհանուր փաթեթի մեջ: Դրանք համալրում են մեր այդ մոտեցումները: Նախորդ հարցը վերաբերում էր, արդյո՞ք կարգավիճակի հարցը անտեսվում է: Ոչ, չի անտեսվում, չի կարող անտեսվել, անտրամաբանական է նման կերպ գնահատել, որովհետև մեր դիրքորոշումը մնում է կայուն, այն արտահայտված է տարբեր ձևաչափերով, տարբեր ձևերով: Մյունխենյան սկզբունքների արտահայտությունը նաև համալրում է այն մոտեցումները, որոնք կայուն են և ունեն իրենց արտահայտությունը այս բոլոր հնարավոր ձևաչափերով, բոլոր հնարավոր ձևերով:
 
Ինչ վերաբերում է նոր մոտեցումներին՝ Հայաստանը եղել և մնում է խստորեն հավատարիմ հարցի խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, և այդ շրջանակներում մենք շարունակելու ենք աշխատել այնպիսի լուծումների համար, որոնք, ինչպես վարչապետ Փաշինյանը արտահայտեց նաև Մյունխենյան սկզբունքներում: Բայց վստահաբար բոլոր նրանք, ովքեր կանոնավոր հետևում են այս գործընթանցին, վստահաբար առաջին անգամ չէին լսել՝ լուծումներ, որոնք ընդունելի են բոլոր կողմերի, բոլոր ժողովուրդների համար, ինչը նշանակում է փոխզիջում, իսկ փոխզիջում նշանակում է ճանապարհ, որը ունի երկու ուղղություն, և միակողմանի զիջումների մասին որևէ խոսք երբևէ չի կարող լինել:
 
Այդ առումով, մեզ համար ամենասուր հարցերը եղել և մնում է Արցախի մեր հայրենակիցների իրական անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է կարգավիճակի խնդիրը: Խնդրում եմ չխառնել և չենթադրել, որ մեկը մյուսից տարանջատված են: Սա ինչ վերաբերվում է Մյունխենյան սկզբունքներին, որը, նորից կրկնեմ ամփոփելու համար, համալրում է, այս կերպ արտահայտում է այն դիրքորոշումները, որոնք ձևավորված են Հայաստանի կողմից և որոնց շուրջ մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
 
Ինչ վերաբերում է Մյունխենյան ձևաչափին՝ ասեմ, որ այդ քննարկումը նաև գնահատել են ղեկավարները՝ ինչպես կցանկանան իրենք ներգրավվել այս ձևաչափի մեջ։ Երևույթը, կարծում եմ, շատ դրական է, որ մենք կարող ենք միասին նստել և ղեկավարների մակարդակով զրույցի ժամանակ պարզ քննարկել հարցեր։ Սա, կարծում եմ, կարևոր նշանակություն ունի մեր աշխատանքի  այն ուղղության մեջ, որը վերաբերում է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը։ Գիտեք, որ անցյալ տարի մենք ունեցել ենք որոշակի համեստ արդյունք՝ լրագրողների փոխանակման ծրագիրը: Այդ համեստ արդյունքը մեզ հնարավորություն է տալիս ենթադրելու, որ մենք կարող ենք շարունակել աշխատել այդ ուղղությամբ, և նաև յուրաքանչյուր հատված, սեգմենտ կարող է ունենալ իր դերակատարությունը այդ ամենում:
 
Ինչ վերաբերում է ղեկավարներին, կարծում եմ, որ այն փաստը, որ ղեկավարները միասին բաց ձևաչափով կարող են առնչվել միմյանց հետ, լավ օրինակ է։ Այստեղ կա որոշ մտահոգիչ խնդիր, որը վերաբերում է, միգուցե, մեր հասարակության համակարգերի տարբերությանը, որովհետև այն մեկնաբանությունները, որ ես տեսա ադրբեջանական մամուլում կամ Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների կողմից, քարոզչական, այսպես ասած, ծայրահեղ մակարդակի են հասցված և որոնք հիշեցնում էին մոդելներ, որոնք բնավ ժողովրդավարական կամ ազատ քննարկման համակարգի բացակայության արտահայտություն են։ Դրանք, մեղմ ասած, օգտակար չեն և անընդունելի են։ Շատ ուրախ եմ, որ մեր հասարակության մեջ ունենք շատ ավելի բաց քննարկում և բաց քննարկման մեջ միասին կարող ենք գնահատել այս կամ այն իրադարձությունը, զարգացումը։ Այստեղ, միգուցե համակարգերի տարբերություն կա, որը նույնպես պետք է հաշվի առնենք։
 
Շնորհակալություն։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն