«Սասնա Ծռեր» համահայկական շարժման նկատմամբ հալածանքը շարունակվում է

25-02-2020 11:37:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Սասնա Ծռեր» համահայկական շարժումը, հիմք ընդունելով Հայաստանում առկա «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի փորձն ու նրա գործունեության իրավական և կիրառական մեխանիզմները, վերջինիս օրինակով 2019 թ. մարտի 7-ին ստեղծել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման աջակցության հիմնադրամը (այսուհետև՝ նաև Հիմնադրամ):
 


Հիմնադրամը, «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի նման, 2019 թ. ապրիլի 18-ին «ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև
՝ նաև Ընկերություն) հետ կնքել է գործակալության պայմանագիր, որով վերջինս պարտավորվել է իր տերմինալների միջոցով հօգուտ Հիմնադրամի ընդունել և նրան փոխանցել վճարումներ:
Պայմանագրի կատարման առաջին իսկ օրերից 5-րդ շարասյան կողմից «Սասնա Ծռեր» համահայկական շարժման և Հիմնադրամի նկատմամբ կազմակերպվել է զանգվածային սև քարոզչություն, որի նպատակն էր հրեշացնել Շարժումը և ձախողել ԹԵԼ-ՍԵԼ-ի տերմինալների միջոցով Հիմնադրամին գումարների փոխանցման մեխանիզմը:
 
Սպառնալիքների թիրախ էր դարձել նաև Ընկերությունը: Նրան սպառնում էին, թե կբոյկոտեն նրա ծառայությունները, եթե նա շարունակի սպասարկել Հիմնադրամին:
 
Մեզ հասած տեղեկությունների համաձայն
, Շարժման նկատմամբ սև քարոզարշավի և Ընկերության նկատմամբ ճնշում գործադրելու աղբյուրն ու հովանավորը Հայաստանում մենաշնորհային դիրք զբաղեցնող և ռուսական կապիտալը ներկայացնող երկու ամենախոշոր համակարգերն են՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն:
Հարկ է նկատի ունենալ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ճնշումը Ընկերության համար էական նշանակություն ունի, քանի որ նրանց հետ կապված գործարքները ոչ միայն Ընկերության գործարքների ընդհանուր զամբյուղի կարևոր մաս են կազմում, այլև համակարգաստեղծ-քարշակային նշանակություն ունեն, քանի որ Ընկերության տերմինալներում դրանց վճարային պատուհանների բացակայության դեպքում առհասարակ կնվազի այդ տերմինալներից օգտվողների քանակը:
 
Այդուհանդերձ, հասկանալով, որ Հիմնադրամի հետ կնքված պայմանագիրը չի կարող կամայական կերպով լուծել, Ընկերությունը Հիմնադրամին սպասարկեց մինչև դրա ժամկետի ավարտը՝ 2019 թ. դեկտեմբերի 31, որից հետո հրաժարվեց կնքել նոր պայմանագիր, թեպետ Հիմնադրամը նրան գրավոր ծանուցել էր, որ պատրաստ է ընդունելու Ընկերության նոր պայմանները, եթե կան այդպիսիք:
Այս երևույթի թերևս միակ տրամաբանական ապացույցն այն է, որ Ընկերությունն ստիպված է եղել վերը նշված երկու մենաշնորհային ընկերություններին խոստում տալ, որ Հիմնադրամի հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո նոր պայմանագիր չի կնքնելու:
 
Եվ, փաստորեն՝ Ընկերությունը կատարեց Հիմնադրամի նկատմամբ նշված երկու մենաշնորհային կեղեքիչներին տված իր խոստումը:
 
Տեղի ունեցածը աղաղակող մի վկայություն է, որ.
 
1) Հայաստանում ռուսական կապիտալը ներկայացնող հատկապես այս երկու մենաշնորհային ընկերությունները թելադրող դիրք ունեն ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության ու հանրային կյանքի ասպարեզներում,
 
2) Հայաստանի գործող իշխանությունը անզոր է նրանց հանդեպ կամ գործարքի մեջ է նրանց հետ:
 
Իշխող ուժի և նախկին ռեժիմի ու Մոսկվայի շահերը ներկայացնող ուժերի միջև գործարքի մասին է խոսում այն փաստը, որ նրա ֆինանսավորման համար ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամն անխափան կերպով գործել է նախկին ռեժիմի օրոք, իսկ ներկայումս էլ շարունակում է օգտվել ԹԵԼ-ՍԵԼ-ի տերմինալներից, ինչին ռուսական այս երկու մենաշնորհային ընկերությունները դեմ չեն:
 
Դատապարտում ենք մեր Շարժման նկատմամբ գործող իշխանության՝ 5-րդ շարասյան հետ փաստացի գործակցությամբ դրսևորվող քաղաքական հալածանքն ու խտրականությունը և պահանջում ենք ՀՀ տարածքում հաստատել իրավունքի գերակայություն և քաղաքական, հանրային ու տնտեսական սուբյեկտների հավասար գործունեության պայմաններ:
 
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն
25 փետրվարի 2020 թ.
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 345 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար