Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է առնվազն մինչև որպես վկա հարցաքննելը. փաստաբան


Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է առնվազն մինչև որպես վկա հարցաքննելը. փաստաբան

  • 25-02-2020 16:37:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանքի առաջադրման որոշումն ապօրինի է, այսօրվա դատական նիստում ասաց Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
 
Ըստ նրա՝ միջդատական քրեկան վարույթի ընթացքում քննարկվող քրեական գործով քրեական հետապնդման մարմինները չեն ձեռնարկել օրեսնդրությամբ նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետաքննության համար: Բավարար միջոցներ չեն ձեռնարկել Սերժ Սարգսյանին արդարացնող բոլոր հանգամանքները պարզելու համար, նրան արդարացնող գործում առկա ապացույցներն անտեսվել են: Դրա փոխարեն մեղադրանի առանցք  կազմող ակնհայտ անարժանահավատ, անթույլատրելի միակ ապացույցը չի գնահատվել այդպիսին, ասաց փաստաբանը:
 
«Արդյունքում՝ չի վերացվել Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ակնհայտ ապօրինի, բացարձակ անհիմն որոշումը: Ամբողջ նախաքննության ուղղորդումը եղել է Սերժ Սարգսյանին ամեն գնով հապճեպ մեղադրյալի դատավարական կարգավիճակ տալը և այդ կարգավիճակում պահելը»,- ասաց փաստաբանը: Ռուբեն Հակոբյանը հավելեց, որ մեղադրանքն արհեստածին է, Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ընդամենը մեկ անձի ցուցմունքի հիման վրա, որոնք իրարամերժ են, հակասական, անտրամաբանական ու ոչ արժանահավատ:
 
Նա մանրամասնեց, որ Սերժ Սարգսյանը ՀՔԾ հրավիրվել էր հարցաքննության՝ որպես վկա: Հարցաքննության ընթացքում կատարվել է առերեսում Սերժ Սարգսյանի և նույն գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակում գտնվող անձի միջև: Առերսման ավարտից երկու րոպե անց, ըստ փաստաբանի, քննիչն առանց աշխատասենյակից դուրս գալու, իր գրասենյակի աշխատասեղանին դրված փաստաթղթերի մի փաթեթ ուղղակի շրջել և  ներկայացրել է Սերժ Սարգսյանին՝ հայտարարելով, որ դա նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումն է: «Այսինքն՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումն արդեն իսկ կազմված, տպագրված ևս ստորագրված է եղել՝ բաղկացած վեց էջերից: Այսպիսով, Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է առնվազն մինչև Սերժ Սարգսյանին որպես վկա հարցաքննելն ու առերեսումը: Սրանից հետևում է, որ վկայի կարգավիճակով հարցաքննություն կատարելն ու առերեսումը կրել է ձևական բնույթ, դրա արդյունքները քննիչի համար որևէ նշանակություն չեն ունեցել, մինչ այդ ամեն ինչ որոշված է եղել՝ ամենայն հավանականությամբ այլ տեղում և այլ պաշտոնատար անձի կողմից»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը