Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու... խնդրում եմ վերադառնալ տուն. Սերժ Սարգսյանը՝ դատարանի բակում


Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու... խնդրում եմ վերադառնալ տուն. Սերժ Սարգսյանը՝ դատարանի բակում

  • 25-02-2020 15:40:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀԺ  Սերժ Սարգսյանը, որն արդեն ժամանել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայր, նախքան իր գործով նիստին մասնակցելը բարձրախոսով ելույթ ունեցավ՝ իր աջակիցների շարքերում կանգնած:
 
«Սիրելի՛ ընկերներ, սիրելի՛ աջակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու, իսկ մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը»,- ասաց Սարգսյանը՝ խնդրելով ցուցարարներին իր երախտագիտությունը հայտնել իրենց մերձավորներին, հարազատներին, որոնք չեն փորձել նրանց համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը. «Ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու»,- հավելեց ամբաստանյալ Սարգսյանը:
 
«Հաշվի առնելով եղանակային պայմանները եւ այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռեւս կան դատավորներ, որոնց համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից՝ խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ԼՂ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչեւ վերջ, ամենուր»,- ասաց նա՝ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով իր աջակիցներին:
 
Հիշեցնենք, որ այսօր այստեղ նշանակված է դիզվառելիքի գործով առաջին դատական նիստը, որը կսկսվի րոպեներ անց:
 
Քրեական գործով, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը