Նիկոլ Փաշինյանը Զինաիդա Գրեչանիի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր


Նիկոլ Փաշինյանը Զինաիդա Գրեչանիի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

  • 25-02-2020 17:36:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը:  
 
Վարչապետը ողջունել է տիկին Գրեչանիի այցը Հայաստանը՝ նկատելով, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հաճախակի են տեղի ունենում բարձր մակարդակի հանդիպումներ ու փոխայցելություններ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ Հայաստանն ու Մոլդովան շահագրգիռ են զարգացնելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում: «Նախատեսվում է իմ պաշտոնական այցը Մոլդովա: Մինչ այդ երկկողմ միջկառավարական հանձնաժողովը կաշխատի օրակարգի շուրջ՝ այցն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Մեր երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, պետք է աշխատենք նաև տնտեսական փոխգործակցության խթանման ուղղությամբ»,- ասել է վարչապետը՝ կարևորելով նաև բիզնես ֆորումների անցկացումը՝ գործարար կապերի խթանման նպատակով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև հայ-մոլդովական միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլ նաև հումանիտար և մշակութային հարաբերությունների ամրապնդմանը: 
 
Զինաիդա Գրեչանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր երկիրը շահագրգիռ է նոր թափ հաղորդելու Հայաստանի հետ փոխգործակցությանը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսության ոլորտում: Խորհրդարանի նախագահն անդրադարձել է Մոլդովայի տնտեսությունում, օրենսդրական դաշտում տեղի ունեցող փոփոխություններին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների փորձն իրենց հետ կիսելու պատրաստակամության համար:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն