Հայաստանն ասել է իր տեղը դարի պլանում


Հայաստանն ասել է իր տեղը դարի պլանում

  • 27-02-2020 10:29:50   | Հայաստան  |  Վերլուծություն

Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Սմբատյանին Իսրայելում Հայաստանի ռեզիդենտ դեսպան նշանակելու մասին: Այսինքն, Արմեն Սմբատյանի նստավայրը լինելու է ոչ թե Երեւանը, այլ Թել Ավիվը:
 
Միաժամանակ հարց է, թե որքանով է Սմբատյանի նշանակումը համարժեք այն խնդիրներին, որ կան մերձավորարեւելյան ռեգիոնում, ինչի ուղղությամբ կարեւոր աշխատանքային կետ է լինելու Իսրայելում Հայաստանի դեսպանատունը: Արմեն Սմբատյանը նախկինում եղել է Երեւանի Կոնսերվատորիայի ռեկտոր, Հայաստանի դեսպանը Մոսկվայում: Նրա դեսպանության ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերության գործընթացը մեղմ ասած խնդրահարույց է եղել:
 
Մերձավոր Արեւելքը ավանդական հայկական ներկայության եւ հետաքրքրության շրջան է, որտեղ ներկայում խմորվում է նոր աշխարհակարգը: Իսրայելում դեսպանություն ունենալու Երեւանի որոշումն այդ առումով կարեւոր է, մասնավորապես Թրամփի իսրայել-պաղեստինյան կարգավորման ծրագրի կամ Դարի պլանի համատեքստում:
 
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել է Երեւանի մոտեցումն այդ ծրագրին, ասելով, որ հայկական ներկայությունը Երուսաղեմում հիմնարար է, դարավոր, ու Հայ Առաքելական եկեղեցին էլ այնտեղ իրավատեր եկեղեցի է: Զոհրաբ Մնացականյանը միաժամանակ նշել էր նաեւ, որ Երեւանը Երուսաղեմի կարգավիճակի հարցի լուծումը տեսնում է միայն շահագրգիռ կողմերի բանակցության ճանապարհով:
 
Երեւանի դիրքորոշումը պայմանավորված է թե արաբական աշխարհի հետ բարեկամական հարաբերության հանգամանքով, թե ԱՄՆ ու Իսրայելի հետ աշխատանքի կարեւորությամբ: Միաժամանակ սակայն, Երեւանն արձանագրում է, որ Դարի գործարքն ու մերձավոարեւելյան որեւէ կարգավորում չի կարող լինել առանց հայկական իրավունքը հաշվի առնելու:
 
Ընդ որում, այդ իրավունքը ոչ թե ավելորդ բեռ է ռեգիոնում իրենց իրավունքների համար պայքարող տարբեր կողմերի համար, այլ առանձնահատուկ հնարավորություն, որն ունի բոլոր կողմերում գործընկերային ներդաշնակ բաղադրիչներ գտնելու բացառիկ ներուժ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն