Մեկնարկել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը

27-02-2020 17:20:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 27-ին մեկնարկել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ԵԱՀԿ աջակցությամբ ստեղծված Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը, որին մասնակցել են պատգամավորներ, պետական գերատեսչությունների, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
 


ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հարթակի ստեղծման շուրջ ինտենսիվ աշխատանքները սկսվել են 2019թ-ից: Հարթակի ստեղծումը հիմնվել է Հայաստանի՝ բարեփոխումներ իրականացնելու պարտավորությունների վրա՝ որպես բարձր հարթակ փորձարկելու ժողովրդավարական կառավարման նորարական մոտեցումն անվտանգության ոլորտում: «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մենք չենք խուսափում բացահայտ խոսել զինված ուժերում մեր ունեցած խնդիրների մասին եւ տարատեսակ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ փորձում ենք արդյունավետ լուծումներ գտնել դրանց համար»,-ասել է հանձնաժողովի նախագահը: Նա նշել է, որ հարթակի հետաքրքրության հիմնական ուղղություններն են՝ մարդու իրավունքներն ու բանակը, համազգեստով քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ոստիկանության կողմից ուժի/ բռնության կիրառման նկատմամբ վերահսկողությունը, տեղեկատվության մատչելիությունը, տեղեկատվության ազատությունն ու գաղտնիությունը, անվտանգության ոլորտի ներսում ներքին վերահսկողության մեխանիզմները, պայքարը կոռուպցիայի դեմ արդարադատության մատչելիությունը: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հարթակը, համախմբելով քաղաքացիական
հասարակությանը, խորհրդարանականներին եւ անվտանգության ոլորտում հանրային ծառայություն մատուցողներին մի սեղանի շուրջ, նպաստելու է ինչպես քաղաքացիական, այնպես էլ խորհրդարանական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով համապարփակ եւ պահանջված բարեփոխումների իրականացում անվտանգության ոլորտում: Նշվել է, որ աշխատանքների ընթացքում բարձրացված հարցերը կքննարկվեն խորհրդարանում՝ լսումների, հարցապնդումների եւ օրենսդրական նոր կարգավորումների տեսքով: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ հարթակի հետեւողական քննարկումներն ու աշխատանքային հանդիպումները կբերեն երկար սպասված արդյունքի՝ այն է համապատասխան օրենսդրական բարեփոխումներ, անվտանգության համակարգում բարեվարքության ամրապնդում, թափանցիկ գնումներ եւ հաշվետու ուժային համակարգ:
 
«Մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունը հանդիսանում է մեր անվտանգության անքակտելի մասը»,- ընդգծել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ըստ նրա՝ ժողովրդավարությունը, դրա զարգացումը եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացումը մեր անվտանգության կարեւոր բաղադրիչներն են: Զեկուցողի խոսքով՝ համատեղելով օրենսդրի, քաղհասարակության եւ գործադիրի ներուժը՝ հնարավոր է ավելի մեծ արդյունքներ ապահովել՝ բարձրացնելով անվտանգության մակարդակը: Նա նշել է, որ ժողովրդավարական վերահսկողությունն անվտանգության ինստիտուտների հանդեպ բարձրացնելու է այդ կառույցների արդյունավետությունը, հաշվետվողականությունը եւ կարողությունները:
 
«Մեր կառույցը պատրաստ է նպաստելու բարեփոխումներ իրականացնելու ՀՀ իշխանությունների ջանքերին»,- նշել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկան: Ողջունելով հարթակի ստեղծման գաղափարը՝ նա այն համարել է նորարարական եւ խոստումնալից: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու ընթացող գործընթացում:
 
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրակյանի՝ պետական մարմինների եւ քաղհասարակության բարձր ներգրավվածությունը լրացուցիչ վստահություն է հաղորդում, որ հարթակը կնպաստի անվտանգության ոլորտում ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների
ուժեղացմանը: Նա հույս է հայտնել, որ նախաձեռնությունը կլինի արդյունավետ:
 
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը խոսել է ժողովրդավարական վերահսկողության հարթակի նպատակների ու առաջնահերթությունների մասին՝ հաշվի առնելով Հայաստանի նոր բարեփոխումների օրակարգը:
 
ԱԺ պատգամավորները, միջազգային կառույցների եւ քաղհասարակության ներկայացուցիչներն ողջունել են նման հարթակ ստեղծելու նախաձեռնությունը: ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների բաժնի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթը հարթակի ստեղծումը համարել է պատմական ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԵԱՀԿ ողջ տարածաշրջանի համար:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 353 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար