ՌԴ դեսպանը կփոխի՞ ուղղությունը. հարվածներ հայ-ռուսական հարաբերությանը


ՌԴ դեսպանը կփոխի՞ ուղղությունը. հարվածներ հայ-ռուսական հարաբերությանը

  • 27-02-2020 18:30:15   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում լինի հասարակական կոնսենսուս, կայունություն, եւ իհարկե այն ուժերը, որոնք հասկանոuմ են հայ-ռուսական հարաբերության կարեւորությունը, նշանակալի դեր ունենան Հայաստանի քաղաքական կյանքում:
 
Ադ միտքը լրագրողների հետ զրույցում արտահայտել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով Հայաստանի նախկին երկու նախագահների, ՍԴ նախագահի հետ կապված գործընթացներին:
 
Ովքե՞ր են այն ուժերը, որոնք ըստ դեսպանի հասկանում են հայ-ռուսական հարաբերության կարեւորությունը, որոնց դերի հարցում շահագրգռություն է հայտնում դեսպանը:
 
Անշուշտ, ՌԴ դեսպանի այդ շահագրգռությունը միանգամայն հասկանալի է ու տրամաբանական: Անհասկանալի է մեկ այլ բան՝ Ռուսաստանում կա՞ն ուժեր, որոնք հասկանում են հայ-ռուսական հարաբերության կարեւորությունը, եւ ի՞նչ դեր ունեն այդ ուժերը Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Որովհետեւ, այդ կյանքն ավելի լեցուն է Հայաստանի հանդեպ արհամարհական, մեծապետական կոնտենտով, քան հակառակը՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերային ու դաշնակցային հարաբերության առնչությամբ էական ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված քննարկումներով ու բանավեճերով:
 
Այն, որ Ռուսաստանի դեսպանը շահագրգռված է Հայաստանում հայ-ռուսական գործակցությամբ հետաքրքրված ուժերի դերակատարումով, նորմալ է: Այդպես կուզեր ցանկացած երկրի դեսպան: Բայց, ՌԴ դեսպանի այդ ցանկությունը առավել հասկանալի կլիներ, եթե նրան փոքր ինչ հետաքրքրեր, թե ինչ է կատարվում իր երկրի օրինակ տեղեկատվա-քարոզչական հարթակում, ընդ որում՝ պետական պրոպագանդայի հարթակներում:
 
Բանն այն է, որ հայ-ռուսական հարաբերության հետ կապված որեւէ ռիսկ Հայաստանում չէ, անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժի մասին է խոսքը: Հայաստանի ներքաղաքական կյանքում եթե կա այդ առնչությամբ որեւէ խնդիր, ապա ոչ թե հայ-ռուսական հարաբերության թերագնահատման, այլ թերեւս անհարկի եւ հաճախ անպարկեշտ գերագնահատման խնդիրն է: Այլապես, Հայաստանի քաղաքական դաշտում առկա է հայ-ռուսական փոխհարաբերության կարեւորության հարցում նվազագույն ռացիոնալության չբարձրաձայնված «կոնսենսուսը»:
 
Հայ-ռուսական հարաբերությունը սկբունքորեն կասկածի տակ է դրվել ու դրվում Ռուսաստանում, երբ հարաբերությունը դիտարկվում է Հայաստանի միակողմանի հպատակության, վանօգնականության, դրանից բխող հարակից արձագանքներով:
 
Մեծ հաշվով, այդ իմաստով Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում անելիք էլ չունի, թեեւ նոր նշանակված դեսպանը իր մուտքի ասուլիսում հայտարարել էր Հայաստանում Ռուսաստանի «փափուկ ուժի» քաղաքականության անհրաժեշտության մասին: Բանն այն է, որ Հայաստանում հանրային վստահություն, հարգանք, գործընկերային եւ դաշնակցային վարկ ձեռք բերելու համար, ՌԴ դեսպանը ուժի կարիք ունի Ռուսաստանում՝ փափուկ, թե կոշտ, ըստ երեւույթին թող որոշի ինքը: Ռուսական տիրույթում է, որ հարվածի տակ է հայտնվում հայ-ռուսական գործընկերային կամ դաշնակցային հարաբերությունը: Հայաստանում արտահայտվում է դրա երկու արձագանք՝ ինչ որ շրջանակում դրա մակաբուծային մետաստազները, եւ լայն իմաստով Հայաստանի քաղաքացիների ազգային արժանապատվությունն ու դրա վրա հիմնված գնահատականը Ռուսաստանի քաղաքականությանը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am  

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն