Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը


Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

  • 28-02-2020 12:40:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արդարադատության նախարարությունը պաշտոնական e-draft.am կայքում տեղադրել է Քրեական օրենսգրքի նոր նախագիծ, որի մի շարք դրույթներ լուրջ մտահոգություն են առաջացրել լրագրողական շրջանակներում։ Մասնավորապես՝ սուտ մատնությանը վերաբերող 443-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ԶԼՄ-ներում հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկատվություն հրապարակելու համար՝ ընդհուպ մինչև ազատազրկում։
 
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում նախարարության պարզաբանումն առ այն, որ սույնով նպատակ չի հետապնդվել թիրախավորել լրատվամիջոցներին ու լրագրողներին։ Այդուհանդերձ, հայտարարում ենք, որ սուտ մատնությունը որպես հանցանք ԶԼՄ-ների դաշտ տեղափոխելը նախկինում չկիրառված (գործող Քրեական օրենսգրքում այն բացակայում է) և այժմ որևէ անհրաժեշտությամբ չպայմանավորված նորամուծություն է, որը կարող է լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունն ու խոչընդոտել լրագրողական գործունեությունը։ Ավելին, դա նաև կկաշկանդի լրագրողական աղբյուրներին՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ խորհրդապահական եղանակով արժեքավոր տեղեկություններ տրամադրելու հարցում։ Ի վերջո, եթե նույնիսկ լրատվամիջոցում հրապարակվում են հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություններ, ապա այդ խնդիրը լիովին կարող է լուծվել քաղաքացիաիրավական կարգավորմամբ՝ զրպարտության համար պատասխանատվությամբ, այլ ոչ թե գործը հասցնելով քրեական հետապնդման ՝ ներառյալ ազատազրկման։
 
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք նախագծի հեղինակներից չտեղափոխել սուտ մատնության խնդիրը ԶԼՄ-ների դաշտ և 443-րդ հոդվածից հանել «․․․կամ զանգվածային լրատվության միջոցներում նույնաբովանդակ տեղեկատվության հրապարակումը» հատվածը։ 
 
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
 
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
 
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
 
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
 
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
 
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
 
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
 
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
 
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն