Քննարկվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նոր փուլը


Քննարկվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նոր փուլը

  • 28-02-2020 17:24:28   |   |  Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչին: 
 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են  Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման նոր փուլին, զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Ելենա Միլոշևիչը ներկայացրել է  ծրագրի շրջանակում մեր երկրի հետ համագործակցության դրական արդյունքները` նշելով, որ Հայաստանում դպրոցական սննդի ապահովման հաջողված փորձը` որպես արդյունավետ մոդել, կարող է ներդրվել նաև այլ երկրներում: 
 
Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարություն է ներկայացվել  Հայաստանի հետ առաջիկա տարիների ՊՀԾ համագործակցության նոր ռազմավարությունը, որով նախատեսվում է դպրոցական սննդի ծրագրի հիման վրա  ընդլայնել համագործակցությունը` ներառելով նաև սոցիալական ապահովության, գյուղատնտեսության և այլ ոլորտներ:
 
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ կառավարությունն ու մասնավորապես ԿԳՄՍ նախարարությունը կարևորում են   «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը` ընդգծելով դրանում նոր բաղադրիչների` տեղական արտադրության մթերքների վրա հիմնված ագրոբիզնեսի, դպրոցներում խոհանոցային ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղությունների  ներառումը:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործունեությանը: Ծրագրի իրագործման արդյունավետության տեսանկյունից կարևորվել է դպրոցական խոհարարների վերապատրաստման նոր համակարգի ներդրումը` օգտագործելով նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներուժը:  ՊՀԾ-ի հետ համագործակցությամբ խոհարարները կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ  կանցկացվեն մարզային քոլեջներում և ուսումնարաններում: Կողմերը կարևորել են նաև դպրոցներում սննդի ապահովման կազմակերպման գործընթացի մոնիթորինգի և վերլուծության իրականացումը, որը հնարավորություն կտա բարելավել ծրագրի արդյունավետությունը:
 
Նշենք, որ Արագածոտնի,  Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հանձնառությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը, իսկ մնացած մարզերում ծրագիրն իրականացվում է ՊՀԾ աջակցությամբ: Հայաստանում ծրագրի դոնորը  Ռուսաստանի Դաշնությունն է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play