ԱԱԾ-ն Իջևանում խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք է բացահայտել



28-02-2020 18:35:28   | Հայաստան  |  Իրավունք
Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:
 


Փաստական տվյալներ են ստացվել, որ Իջևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնատար անձը, քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, քաղաքապետարանի կարիքների համար տարբեր ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու և քաղաքի բարեկարգման աշխատանքներ կատարելու համար հիշյալ կազմակերպությանը վստահված միջոցներից փոխանցել է գումարներ, որոնք ուղղվել են տարբեր տնտեսվարող
սուբյեկտներին, որից հետո կազմվել են ապրանքների մատակարարման և աշխատանքների ընդունման-հանձնման կեղծ պաշտոնական փաստաթղթեր, իսկ փոխանցված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները՝ հափշտակվել։
 
Բացի այդ, վերոհիշյալ տնօրենը ծառայության շահերին հակառակ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տարբեր հաստիքների հրամանագրել է իրականում աշխատանքի չհաճախող 7 քաղաքացիների, թույլատրել է նրանց անվամբ 2014-2020 թթ. ընթացքում որպես աշխատավարձ դուրս գրել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ՝ դրանով իսկ վատնելով դրանք։
 
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է, որ յուրացվել և վատնվել է նախնական տվյալներով ընդհանուր 17.6 միլիոն ՀՀ դրամ գումար: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում պատճառված վնասի չափը հստակեցնելու, հանցագործության կատարմանը ներգրավված անձանց շրջանակը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 440 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար