Էրդողանը դիպավ Պուտինի ամենացավոտ տեղին. ինչ կանի «փողոցի տղան»


Էրդողանը դիպավ Պուտինի ամենացավոտ տեղին. ինչ կանի «փողոցի տղան»

  • 29-02-2020 10:34:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքական հարցերի խորհրդականը Իդլիբում ռուսական ավիահարվածների համար Մոսկվային խոստացել է դաժան պատասխան, ասելով, թե Ռուսաստանում կա 25 միլիոն մահմեդական, որոնց օգնությամբ «կքանդեն երկիրը ներսից»:
 
Թուրքիայի նախագահը մի կողմից մատը դնում է Պուտինի համար ամենացավոտ կետին՝ Ռուսաստանի միասնականության խնդրին, մյուս կողմից ենթագիտակցորեն արտահայտում նաեւ իր համար ամենացավոտ խնդիրը՝ Թուրքիայի ամբողջությունը: Խնդիր, որ Էրդողանի աշխատակազմի մեկ այլ պաշտոնյա էր արտահայտել, համարելով, որ հայկական հարցի հայանպաստ մեկնաբանությունների տարածումը Թուրքիայում կարող է պառակտել երկիրը:
 
Էրդողանն ու Պուտինը չափում են միմյանց վախերը: Այդ վախերը նրանց ստիպում էին գործակցել, սակայն 2020 թվականի հունվարին Բաղդադում ամերիկյան օդային հարվածը համաշխարհային քաղաքականություն բերեց բոլորովին նոր իրողություններ, եւ այդ կապակցությամբ նախկին հրապարակումներում անդրադարձ կատարելով ռուս-թուրքական հարաբերությանը, դիտարկեցի նոր իրողությունների պայմաններում այդտեղ մրցակցության սրացման հեռանկարը:
 
Մինչդեռ, իրավիճակը ոչ միայն սուր մրցակցության, այլ ուղիղ ռազմական բախման շեմին է: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի խորհրդականը կամա թե ակամա բացահայտել է ամենախորքը՝ «երկիրը կքանդվի ներսից»: Անկարայում եւ Մոսկվայում սրվում է զգացողությունը, որ նոր աշխարհակարգը բավական նեղ է լինելու Ռուսաստանի եւ Թուրքիայի միմյանց շատ մոտ ամբողջական գոյակցության համար:
 
Ավելին, Թուրքիայի նախագահի համար ըստ երեւույթին լուրջ ազդակ է եղել այն, որ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամների շրջանակում նոր աշխարհակարգի շուրջ քննարկումների անհրաժեշտության մասին: Թուրքիան այդ շարքում չկա: Դա ըստ ամենայնի էլ ավելի է նյարդայնացրել եւ մտահոգել Էրդողանին:
 
«Պետերբուրգի փողոցներն ինձ մի կարեւոր բան են սովորեցրել՝ եթե կռիվն անխուսափելի է, ապա պետք է հարվածել առաջինը», մի առիթով հայտարարել է Պուտինը: «Փողոցի տղայի» կենսագրության վրա է իր քաղաքական առաջընթացը կառուցել նաեւ Էրդողանը, ու փաստորեն նա բաց է թողել առաջին հարվածն Իդլիբում: Այժմ սպառնում է, որ առաջինը կքանդի Ռուսաստանը:
 
Ինչ պատասխան է տալու Պուտինը:
 
Լուսանկարը Ռեգնումից

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը