Որոշողն Արցախի ժողովուրդն է, եւ վերջ


Որոշողն Արցախի ժողովուրդն է, եւ վերջ

  • 29-02-2020 11:35:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀԺ  Փաշինյան-Ալիեւ մյունխենյան հանդիպումից հետո ընդդիմադիր քարոզիչներն ահավոր աղմուկ բարձրացրին, թե տեսեք՝ Հայաստանի վարչապետն ինչի մասին ասես՝ խոսեց, բայց չհայտարարեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում (մինչդեռ Սերժ Սարգսյանն ամեն առիթով շեշտում էր դա): Օրեր անց Փաշինյանը Ստեփանակերտում մասնակցեց ՀՀ եւ ԼՂՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին ու հայտարարեց, թե Արցախը եւ Ադրբեջանը երբեւէ որեւէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում: Սրանով էլ թեման կարելի է փակված համարել, որովհետեւ ընդհանուր քաղաքական տարածքը բացառել՝ նշանակում է բացառել, որ Արցախը երբեւէ կլինի Ադրբեջանի կազմում: Եվ սա, ի դեպ, բոլորն են հասկանում, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանն ու միջազգային հանրությունը: Բայց հարցն այնուամենայնիվ մնում է՝ իսկ ինչո՞ւ ուղիղ տեքստով չհայտարարել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, եւ վերջ:
 
Բանն այն է, որ երբ միջազգայնորեն ճանաչված երկրի (Հայաստանի) ղեկավարը միջազգայնորեն առայժմ չճանաչված երկրի (Արցախի) մասին ասում է, թե այն չի կարող լինել մեկ այլ միջազգայնորեն ճանաչված երկրի (Ադրբեջանի) կազմում, ստացվում է, որ այդ հակամարտությունը պարզապես տարածքային վեճ է երկու պետությունների միջեւ, ընդ որում՝ կողմերից մեկը (Հայաստանը) բանակցություններում ներկայացնում է նաեւ Արցախի շահերը: Եվ, ի դեպ, առանձնապես կարեւոր չէ, թե ինչ է ասում Հայաստանի ղեկավարն Արցախի անունից, ավելի կարեւոր է ինքնին փաստը, որ Հայաստանի ղեկավա՛րն է խոսում Արցախի անունից: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը թույլ տվեց այս վրիպումը, եւ արդյունքում՝ Արցախը դուրս մղվեց բանակցային ֆորմատից: Իսկ եթե մեր նպատակն է աշխարհին ցույց տալ, որ այս հակամարտությունն ինքնորոշման խնդիր է (Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, դուրս է եկել Ադրբեջանի կազմից, անկախություն է հռչակել ու զենքով պաշտպանել այդ անկախությունը եւ կառուցել է շատ ավելի ժողովրդավարական պետություն, քան Ադրբեջանն է), այդ դեպքում Արցախի ապագա կարգավիճակի մասին պիտի խոսեն ոչ թե Հայաստանի, այլ Արցախի իշխանությունները՝ վկայակոչելով սեփական ժողովրդի կամքը:
 
Պարզ ասած՝ բանակցային գործընթացում զուտ մարտավարական տեսանկյունից «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձեւակերպումն այնքան էլ արդյունավետ չէ: Շատ ավելի ճիշտ է հետեւյալ ձեւակերպումը. «Արցախի կարգավիճակը որոշել է Արցախի ժողովուրդը՝ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող հանրաքվեի միջոցով, ու եթե պետք լինի՝ եւս մեկ անգամ կորոշի, իսկ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է եւ որեւէ պարագայում թույլ չի տա, որ որեւէ մեկը բռնանա այդ կամքի վրա՝ ռազմական կամ որեւէ այլ ճանապարհով»: Հասկանալի է, չէ՞, որ գործնականում սա նույն բանն է (որովհետեւ ցանկացած պարագայում Արցախի ժողովուրդը 100 տոկոսով այո է ասելու անկախությանը), բայց այս ձեւակերպումն է, որ ինչ-որ պահի անպայման հնարավորություն է տալու Արցախը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Հասկանալի է, որ դա հեշտ չի լինելու, ադրբեջանական կողմը դիմադրելու է, առավել եւս, որ 20 տարի շարունակ առանց Արցախի մասնակցության բանակցություններ վարելն անհետեւանք չի անցել, բայց կարելի է գոնե հիմա հրաժարվել խոսել Արցախի ժողովրդի անունից ու հանդես գալ «ընդամենը» որպես անվտանգության երաշխավոր: Առանց վախենալու ներհայաստանյան շահարկումներից, որովհետեւ ցանկացած դեպքում նման շահարկումներ լինելու են: Ուրիշ բան որ չլինի՝ կասեն «սա ինչ խայտառակություն է, փաստորեն Հայաստանի նոր իշխանությունները խուսափում են պատասխանատվությունից ու Արցախի ապագա կարգավիճակը որոշելու պատասխանատվությունը թողնում Արցախի ժողովրդի ուսերին»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը