COVID-19. Թագակիր վիրուսի անսպասելի հետեւանքները


COVID-19. Թագակիր վիրուսի անսպասելի հետեւանքները

  • 29-02-2020 12:42:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կորոնավիրուսի ծավալներն ու հետեւանքներն առայժմ այնքան էլ չեն տարբերվում այլ վիրուսների ու համաճարակների տարածվածությունից: Մյուս կողմից, համաշխարհային իրարանցումն ունի պատճառներ՝ առայժմ պարզ չեն նոր վիրուսի հատկություններն ու կենսունակության աստիճանը: Չինաստանը թեեւ հայտարարում է իրավիճակի կայունացման մասին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը սակայն հայտարարել է, թե համաճարակը դեռ առջեւում է:
 
Չինաստանից հետո վիրուսն առայժմ ամենաշատը տարածվել է Իրանում ու Իտալիայում: Իրանում վարակվածների թվում են նաեւ պաշտոնյաներ՝ Իրանի կանանց հարցերով փոխնախագահն ու երկու պատգամավորներ, իսկ Վատիկանում այդ երկրի նախկին դեսպանը մահացել է այդ հիվանդությունից:
 
Կորոնավիրուսը, ինչպես մյուս վիրուսները, կենդանական ծագում ունեն, որոնք որոշակի պայմաններում անցնում են մարդկանց: Խոլերան, պնեւմոնիան, սպիդը, իսպանկան եւ այլն, որոնք հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել, մարդուն են անցել կենդանիներից: Ամերիկյան մայրցամաքի բնիկների զանգվածային ոչնչացումը հիմնականում տեղի է ունեցել եվրոպացիներից կենդանական ծագում ունեցող վիրուսների փոխանցման հետեւանքով:
 
Վիրուսը տարածվել է 6 տասնյակ երկրներում, պետությունները փակում են միմյանց հետ սահմանները, սահմանափակում հաղորդակցությունը: Քննարկվում են զանգվածային միջոցառումներն արգելելու կամ հետաձգելու հարցերը, մասնավորաբար՝ մարզական առաջնությունները: Մեծ վնասներ է կրում զբոսաշրջությունը:
 
Պատկերացնել կարելի է օրինակ անգլիական Լիվերպուլի երկրպագուների ողբերգությունը, եթե կանգնեցվի Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը: 30 տարի նրանք սպասել են այդ թիմի չեմպիոնությանը, որն այս առաջնությունում գրեթե իրողություն է դարձել:
 
Մինչ գիտական-առողջապահական հաստատությունները զբաղված են ուսումնասիրություններով ու դեղամիջոցների ստեղծմամբ, նոր կորոնավիրուսն արդեն աշխարհքաղաքական ու գեոտնտեսական ազդեցություն է թողել: Չինաստանում նավթի սպառման ու արտադրության անկման հետեւանքով համաշխարհային բորսաներում ինդեքսները նվազել են, որի արդյունքում աշխարհի ամենահարուստ մարդիկ ու ընկերությունները կորցրել են հարյուր միլիարդավոր դոլարներ: Նվազում են նավթի ու թանկարժեք մետաղների գները:
 
Այս իրադարձությունները չեն կարող ազդեցություն չունենալ քաղաքական գործընթացների վրա: Այս իմաստով, կորոնավիրուսն աշխարհում արդեն ձեւավորել է անհրաժեշտ տեղեկատվական եւ մոտիվացիոն ֆոնը, որը հնարավորություն է տալիս կայացնել արտակարգ որոշումներ: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play