ԱՄՆ թույլ կտա՞, որ Էրդողանն ու Պուտինը պայմանավորվեն. ինչ է պետք Հայաստանի


ԱՄՆ թույլ կտա՞, որ Էրդողանն ու Պուտինը պայմանավորվեն. ինչ է պետք Հայաստանի

  • 29-02-2020 13:56:41   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է արել անհապաղ իջեցնել ռազմական օդանավերը Սիրիայում: Ռուսական ռազմատիեզերական ուժերի օդային գործողությունները մեծ վնաս են հասցնում Թուրքիային, որն Իդլիբում փորձում է պաշտպանվել եւ հետ բերել կորցրած դիրքերը:
 
Թուրքիայի զինուժը նախօրեին ունեցել էր 33 զինվորականի կորուստ: Թուրքական ռազմական հրամանատարությունը խոստովանում է, որ օդային տարածքը լուրջ խնդիր է ռազմական պատասխան գործողության համար:
 
Կիջեցնի՞ Մոսկվան օդուժը ԱՄՆ հրամանով: Նախօրեին Էրդողանը զանգահարել էր Պուտինին, երբ Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը Էրդողանի հետ հանդիպելու պլաններ չունի: Թե ինչ են պայմանավորվել, պարզ չէ, սակայն հատկանշական է, որ դրանից հետո ԱՄՆ կոչ է անում Պուտինին իջեցնել օդանավերը:
 
Առերեւույթ ԱՄՆ կոչն աջակցություն է Թուրքիային, սակայն այդ կոչը Ռուսաստանի համար ունի բավական նուրբ նշանակություն: Կենթարկվի՞ Պուտինն ԱՄՆ հրահանգին: Եթե այո, ապա մեծ հաշվով դա հարված է նրա «հաղթական» հեղինակությանը: Այդ առումով, արդյոք ԱՄՆ կոչն ունի հենց այդ՝ Պուտինին «թասիբի» գցելու նպատակ, թույլ չտալով, որ նա պայմանավորվի Անկարայի հետ:
 
Ռուս-թուրքական մասշտաբային բախումն անշուշտ ԱՄՆ-ին պետք չէ, ընդ որում, դա պետք չէ նաեւ մեզ՝ Հայաստանին: Բայց, Հայաստանին պետք չէ նաեւ ռուս-թուրքական եղբայրությունը կամ բարեկամությունը:
 
Միջազգային ներկայիս իրողություններում առավելագույն բարենպաստ ռեժիմը թերեւս ռուս-թուրքական լոկալ բախումնային իրադրությունն է, դրա հնարավոր պահպանումը, համենայն դեպս առայժմ: Ռուս-թուրքական այդ բախումը թույլ է տալիս լուծել միջազգային քաղաքականության մեջ բավականին նուրբ մի խնդիր՝ գործնականում երկու «միջազգային խուլիգան» աշխատեն ոչ թե իրար հետ, այլ իրար դեմ: Իսկ թե Պուտինը, թե Էրդողանը չեն թաքցնում, որ համաշխարհային զարգացումներում երբեմն առաջնորդվում են հենց փողոցի սկզբունքներով:
 
Հետեւաբար, միջազգային հարաբերությունների համար օգտավետ է, երբ նրանք այս սկզբունքները կիրառում են առավելապես միմյանց, ոչ թե այլ սուբյեկտների դեմ:
 
Իհարկե այդ ամենն ունի իր պայմանականությունն ու հարաբերականությունը, բայց որքան ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն բացահայտ են միջամտում ռուս-թուրքական իդիլբային բախմանը, այդքան բարդացնում են թե Թուրքիայի հետ Մոսկվայի պայմանավորվածությունը, թե Անկարային են դնում բարդ իրադրության առաջ, ցույց տալով գործնականում, որ նա ոչինչ է առանց ԱՄՆ կամ ՆԱՏՕ-ի աջակցության:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play