Քարոզչական շանտաժի մարտավարությունը


Քարոզչական շանտաժի մարտավարությունը

  • 29-02-2020 14:19:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀԺ  Եվ այսպես, Սերժ Սարգսյանի դատավարությունը սկսվում է, ու զուգահեռաբար ակտիվանում է իշխանությունների նկատմամբ նրա կողմնակիցների ձեռնարկած քարոզչական գրոհը, որի գլխավոր ասելիքը հետեւյալն է՝ Սերժ Սարգսյանը ոչ մի հանցանք էլ չի գործել, այս ամենը քաղաքական հետապնդում է, նպատակն էլ նրան մեկուսացնելն է, որպեսզի իշխանությունները հանգիստ «ծախեն Ղարաբաղը»։ Ուշադրություն դարձրեք՝ «Ղարաբաղը ծախելը» ծանրագույն հանցագործություն է, բայց նախկինների քարոզչամեքենան, որ ամեն առիթով խոսում է անմեղության կանխավարկածի մասին, այս դեպքում թքած ունի դրա վրա ու իշխանությունների հասցեին լրջագույն մեղադրանք է հնչեցնում՝ առանց որեւէ փաստ հնչեցնելու, հիմնվելով բացառապես անհեթեթ ենթադրությունների վրա։ Այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ կապված քրեական գործերը հիմնված են կոնկրետ փաստերի վրա։ Դատարանում դրանք, հասկանալի է, կարող են հաստատվել կամ հերքվել, բայց մեղադրանքներն, ամեն դեպքում, օդից վերցված չեն։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։
 
Փորձենք հասկանալ այս գործընթացի տրամաբանությունը, որովհետեւ Հայաստանում սանձազերծված քարոզչական պատերազմն ամեն դեպքում ոչ թե արձանագրված փաստերի հիման վրա է ընթանում, այլ ենթադրությունների ու  եզրահանգումների։ Եվ այսպես, որքանո՞վ է հավանական, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես նպատակ ունի «ծախել Ղարաբաղը» եւ ամեն ինչ անում է, որ այդ հարցում իրեն խանգարողներ չլինեն։ Հավանականությունը զրո է՝ այն պարզ պատճառով, որ անգամ մեծագույն ցանկության դեպքում Հայաստանի որեւէ ղեկավար չի կարող «ծախել Ղարաբաղը»։ Դա անգամ Խորհրդային Հայաստանի ղեկավարները չկարողացան անել, թեեւ ուղղակիորեն հրահանգավորվում էին Մոսկվայից, Հայաստանն էլ ոչ անկախ պետություն էր, ոչ միջազգային հանրության լիարժեք սուբյեկտ, ոչ էլ բանակ ուներ։
 
Իսկ որքա՞ն է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը բացարձակապես կապ չունեն իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքների հետ, եւ ընդհանրապես՝ իրենց պաշտոնավարման տարիներին ոչ մի հանցանք չեն գործել, ամեն ինչ արել են օրենքի շրջանակներում, ընտրություններ չեն կեղծել, ժողովրդի նկատմամբ բռնություններ չեն կիրառել, նրանց ընտանիքներն էլ դոլարային մուլտիմիլիոնատերեր են դարձել միայն բացառիկ բիզնես-տաղանդի շնորհիվ։ Համաձայնվեք՝ հավանականությունը  զրոյական է։ Բայց հիմա հասարակությանը պարտադրված քարոզչական պատերազմով փորձ է արվում հարցը ներկայացնել այնպես, թե իբր ժողովրդի 71 տոկոսի քվեներով իշխանության եկած ուժը մտադիր է ծախել Ղարաբաղը, իսկ ահա քսան տարի այդ նույն ժողովրդի կամքը բռնաբարած ուժերի միակ «մեղքն» այն է, որ ուզում են փրկել Ղարաբաղը։ Եվ այս վայ-քարոզիչները հույս ունեն, որ որեւէ մեկը կհավատա՞ սրան։
 
Հասկանալի է, որ իրականում նման հարցերը ոչ «հավանականության տեսությամբ» են որոշվում, ոչ էլ հասարակության մեջ իշխող տրամադրություններով, բայց ամեն դեպքում՝ տարօրինակ է, որ մարդիկ, ովքեր մեղադրվում են կոնկրետ քրեական գործերով, փորձում են հանրության մեջ աջակիցներ գտնելու նպատակով իշխանություններին մեղադրել ապագայում իբր կատարվելիք ենթադրյալ հանցանքների մեջ։ Ընդ որում՝ խնդիրն այդ «մարտավարության» կասկածելի արդյունավետությունը չէ։ Խնդիրն այն է, որ դա ներսից պառակտում է մեր հասարակությունը եւ կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ պետության համար։ Շանտաժի մարտավարությունը հասկանալի է՝ «մեզ հանգիստ թողեք, թե չէ կհայտարարենք, որ ծախում եք Ղարաբաղը, ու ոնց էլ լինի՝ հավատացողներ կգտնվեն»։ Բայց սա երեւի այն դեպքն է, որ շանտաժին տրվելը կարող է ավելի վտանգավոր լինել։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը