Երևանում կայացավ Van Music Awards-2019-ը. հայտնի են յուրահատուկ ձեռքերի արժանացած 11 մրցանակակիրները


Երևանում կայացավ Van Music Awards-2019-ը. հայտնի են յուրահատուկ ձեռքերի արժանացած 11 մրցանակակիրները

  • 02-03-2020 15:37:54   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանում կայացավ Van Music Awards-2019 երաժշտական մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում 11 խումբ արժանացավ մրցանակների: 
 
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը, Van Music Awards-ը միակն է հայաստանյան հեռուստառադիոշուկայում, որ չնայած դժվարություններին, արդեն 9 տարի շարունակ անցկացվում է և հանրությանը տալիս նոր անուններ, նոր երգեր: 
 
Ըստ նրա՝ նշյալ մրցանակաբաշխությունը յուրահատուկ է նաև նրանով, որ հրավիրում են մասնակցելու երիտասարդ, չճանաչված, բայց շատ տաղանդավոր խմբերի: 
 
«Խմբեր, որոնք հնարավորություն չունեն կլիպ նկարել, հեռուստատեսությամբ ելույթ ունենալ, որովհետև այդ ամեն ինչը մեծ գումարների հետ է կապված: Իրենք հիմնականում ակումբներում են երգում, որ վաստակեն ինչ-որ գումար երգեր ձայնագրելու համար»,- նկատեց Շ. Արևշատյանը: 
 
Նրա խոսքերով՝ հենց այդ էր պատճառը, որ որոշեցին «Ռադիո Վան»-ում մեծ երաժշտական ստուդիա ստեղծել, որտեղ խմբերը հնարավորություն են ունենում անվճար ձայնագրել իրենց բոլոր երգերը և նկարահանել այդ ամենը՝ ստանալով գեղեցիկ տեսահոլովակներ: 
 
«9 տարվա ընթացքում, այս մրցանակաբաշխությունը տվել է անուններ՝ Եսայի, Էմփիրեյ, Արամ MP3, Սոնա & Գարիկ, Նեմռա և այլն. այնքան շատ են, որ բոլորին դժվար է այս պահին հիշել»,- փաստեց «Ռադիո Վան»-ի ղեկավարը: 
 
Եթե նախորդ տարիներին Van Music Awards-ը վարել էր հանրությանը հայտնի հաղորդավարական զույգը՝ Ժակը և Լուսինե Բադալյանը, ապա այս տարի ձևաչափը մի փոքր այլ էր պայմանավորված Լուսինե Բադալյանի պատգամավոր դառնալու հանգամանքով: Միջոցառումն այս տարի վարում էին ռադիոյի բոլոր հաղորդավարներն իրենց stand up-երով: 
 
Ժակ Պապիկյանի խոսքերով՝ Van Music Awards-2019-ն առանձնացավ ֆոլք և էթնո երաժշտության գերակայությամբ, որը ձուլված էր տարբեր երաժշտական ուղղությունների հետ: 
 
 «Սկզբում որոշվեց, որ պետք է լինի հանրային քվերակություն, հետո մենք հասկացանք, որ միայն քվեարկության վրա հիմնվելը բարդ կլինի և ստեղծագործական ժյուրի կազմվեց, և փորձեցինք բալանսավորել: Եթե թողնում ես միայն հանրային քվերակության, այստեղ հաղթում է ոչ թե լավագույնը, այլ այն թիմը, ում շտաբը լավ է աշխատում: 10 ամիսների բոլոր հաղթողների միջև 1 ամիս հավելյալ մրցույթ անցկացվեց, քվեարկեցին ունկնդիրները: Նրանցից ամենաշատ միավոր հավաքած խումբը ստացավ «Հանրության սեր» մրցանակը»,- ներկայացրեց Ժակը: 
 
Van Music Awards 2019-ի 11 մրցանակակիրներն են՝
 
Հայկ Սոլար, Արնի Ռոք և Սոնե Սիլվեր- Համար 1 հանրային ընտրություն (People's Number One Choice)
 
Իլոնա Սագիեվա – Համար 1 քավր կատարող (Cover Performer Number One)
 
Սյուզաննա Մելքոնյան- Համար 1 կանացի կատարում (Woman's Performance Number One )
 
Արաթթա Բենդ- Ֆյուժեն բենդ հ (Fusion band Number One) 
 
Fair Wind- Համար 1 ռոք խումբ (Rock Band Number One)
 
Գարիկ Պապոյան, Սոնա Ռուբենյան- Համար 1 հիթ ստեղծողներ (Hit Makers Number One)
 
Կաթիլ Բենդ- Համար 1  հայտնագործություն (Breakthrough number one)
 
Վիշապ խումբ, Թմբաթա- Համար 1 երաժշտական պրոդյուսեր (Music Producer Number One)
 
Նեմրա- Համար 1 ռադիոյի  ընկերներ (Radio Friends Number one)
 
Sonet Quintet – Համար 1 քաղաքային երգերի կատարողներ  (Urban Song Artists Number One)
 
Արփի և Հայվեյ բենդ – Համար 1 բենդ (Band Number One)
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն