Պուտինն ու Էրդողանը փորձելու են Իդլիբում առավելագույնս պահպանել իրենց դիրքերը


Պուտինն ու Էրդողանը փորձելու են Իդլիբում առավելագույնս պահպանել իրենց դիրքերը

  • 05-03-2020 11:33:13   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը
 
Ինչպե՞ս եք գնահատում Իդլիբում տեղի ունեցող զարգացումները, ռուս-թուրքական լարվածությունը Սիրիայի տարածքում։
 
Այն, ինչ ներկայում տեղի է ունենում Իդլիբում, ունի որոշակի նախապատմություն։ Դա այն պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև, այնուհետև առանձին Թուրքիայի և Ռուսաստանի միջև, որը վերաբերում է նաև Սիրիայի որոշ տարածքների ապառազմականացմանը, հակաահաբեկչական պայքարին և այլն։ Կոնֆլիկտը, որ հիմա ավելի է թեժացել, բխում է նրանից, որ Թուրքիան, ըստ էության, վերախմբագրել է իր մարտավարությունները իրեն ձեռնտու ձևով, և փորձում է խուսափել այն պարտավորություններից, որ ստանձնել է։ Եվ ռուս-թուրքական ռազմական  բախումը ծագում է հենց դրանից։ Եթե հետևենք պաշտոնական հաղորդումներին, ապա պարզ է դառնում, որ ռուսական կամ սիրիական կողմը ռմբակոծել է այն տարածքը, որտեղ գտնվում են ահաբեկիչները։ Այստեղից հարց է ծագում, թե ահաբեկիչների գտնվելու վայրում ինչ գործ ունեին թուրք զինվորները, որոնք այդ ռմբակոծության հետևանքով զոհվեցին։
 
Ներկայում լարվածությունն ունի զարգանալու միտումներ։ Եթե հետևենք թուրքական հասարակական տրամադրություններին, որտեղ հակառուսական տարրերն ակտիվանում են, եթե հետևենք պաշտոնական հաղորդագրություններին, ապա անուղղակի, երբեմն ուղղակի այդ ամենում մեղադրում են Ռուսաստանին։ Նույնիսկ որոշ ռազմական գործողությունների ժամանակ, օրինակ անօդաչու խփելու ժամանակ, անպայման շեշտվում է, որ դա ռուսական արտադրության է՝ ակնարկելով, որ այդ ամենի հետևում կանգնած է ռուսական կողմը։ Ես կարծում եմ, որ ինտրիգը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մարտի 5-ին տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը։ Դա թուրքական գործելաոճն է՝ բանակցություններից առաջ կամ բանակցությունների ընթացքում ակտիվացնել կոնֆլիկտները, թեժացնել իրավիճակը, որպեսզի բանակցելու ժամանակ ավելի շահեկան վիճակում հայտնվեն։ Ես կարծում եմ, որ այդ լարվածությունը կմնա մինչև հանդիպումը, որից հետո արդեն պարզ կինեն հանգուցալուծման ուղիները։
 
Իսկ այդ հանդիպումից ի՞նչ կարելի է ակնկալել՝ հաշվի առնելով, որ տեսակետներ են հնչում, որ այս ամենը չի հանգեցնի պատերազմի։
 
Պատերազմ ասելով մենք ուղիղ հասկանում ենք, որ ռուսական կամ թուրքական զորքերը կամ զինտեխնիկան իրար դեմ դուրս կգան։ Այդ իմաստով, այո, կարող ենք ասել, որ այս ամենը չի հանգեցնի պատերազմի, բայց անուղղակի գործողություններ, սիրիական բանակին սատարող ռուսական զինտեխնիկայի և ահաբեկիչներին սատարող թուրքական զորքի միջև կարող են լինել բախումներ, որոնք արդեն տեղի են ունենում։ Ես կարծում եմ, որ հանդիպումը ավելի շատ ուղղված է լինելու կողմերի համար սկզբունքային կետերի պահպանմանը։ Ես վստահ եմ, որ կողմերից և ոչ մեկը չի ցանկանալու նահանջել, որովհետև Իդլիբը ունի ոչ միայն աշխարհագրական կարևորություն՝ կապված ենթակառուցվածքների, ճանապարհների հետ, այլ նաև ունի խորհրդանշանակ կարևորություն և ռուսական կողմի համար, և թուրքական։ Հետևաբար, կարծում եմ, որ երկու լիերներն էլ նաև իրենց անձնական իմիջի կարևորման տեսանկյունից փորձելու են Իդլիբում իրենց դիրքերը առավելագույնս պահպանել։ Սա նաև որոշակիորեն ունի իմիջային նշանակություն, քանի որ Էրդողանը նահանջելով Իդլիբում՝ ստիպված է լինելու տարատեսակ բացատրություններ տալ նաև ներքաղաքական տիրույթում։ Այնպես որ, իմ կարծիքով, լինելու են բարդ բանակցություններ, որտեղ կառուցողական տարրերը էականորեն զիջելու են ապակառուցողականներին։
 
Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և նրա հայտարարությունը, որ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջության հանդեպ հարգանքի սկզբունքով։
 
Թուրքական հռետորաբանությունը նոր չէ, քանիցս մենք ականատես ենք եղել, որ Թուրքիան տարբեր իրավիճակներում փորձել է ներխուժել ղարաբաղյան հակամարտության բանակցային հարթակ՝ հիշեցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ լինելը, երբեմն այսպես ցուցադրական գործողություններ իրականացնել՝ հանդիպելով ՄԻնսկի խմբի համանախագահների հետ և վերահաստատելով իր հավատարմությունը ադրբեջանական շահերին։ Այդ առումով սա թուրական հերթական քայլերից է, բայց հաշվի առնելով ժամանակը, որ դա տեղի է ունենում ռուս-թուրքական լարվածությանը զուգահեռ, Ես Չավուշօղլուի հայտարարությունը, նրա հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ համարում են մտահոգիչ, սպառնալից և պրովոկատիվ, որովհետև այս ժամանակագրական համընկնումները չեն կարող պատահական լինել։ Սա կարող է հերթական մեսիջը լինել տարածաշրջանային հակամարտության ավելի ընդլայնման և մասնավորապես այս հակամարտության մեջ ղարաբաղյան հարցի ակտիվացման առումով։ Այսինքն Թուրքիան փորձում է այն լծակները, որ ունի ապակառուցողական իր քաղաքականությունն ընդլայնելու և ոչ միայն սիրիական, այլ նաև ղարաբաղյան հարցում լարվածության նոր օջախներ ստեղծելու առումով, փորձում է դրանք իրականացնել։ Այդ առումով, կարծում եմ, որ սա մեզ պետք է մտհոգի և սա չի կարելի դիտարկել զուտ ռուս-թուրքական կամ սիրիական կոնֆլիկտի շրջանակներում, սա նաև մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգության խնդրի ամենաուղղակի մասն է կազմում։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ