«Դուք կարող եք ինձ վրա հույս դնել». ՔՊ-ն կանդամակցի՞ ԵԺԿ-ին


«Դուք կարող եք ինձ վրա հույս դնել». ՔՊ-ն կանդամակցի՞ ԵԺԿ-ին

  • 10-03-2020 14:10:15   | Հայաստան  |  Վերլուծություն

Մարտի 9-ին մեկօրյա այցով Բրյուսել մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկին, ով ասել է, որ ՀՀ վարչապետը կարող է հույս դնել իր վրա:
 
Հիշեցնենք, որ ԵԺԿ-ն Եվրոպայի խոշորագույն կուսակցությունն է եւ ինքն է նշանակում Եվրահանձնաժողովի նախագահին ու ԵՄ նախագահին: Հայաստանից ԵԺԿ անդամ է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի նախագահ Սերժ Սարգսյանը Տուսկին հանդիպել է Նիկոլ Փաշինյանից երկու օր առաջ:
 
Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադի՞ր է դառնալ ԵԺԿ անդամ: Այս մասին առայժմ բաց չի խոսվում, բայց Փաշինյան-Տուսկ հանդիպումը նման ենթադրության առիթ է տալիս:
 
ԵԺԿ-ն աջ կենտրոնամետ կուսակցություն է, որը հիմնականում միավորում է քրիստոնյա-դեմոկրատներին ու պահպանողականներին: Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՔՊ գաղափարախոսության մասին է, ասել է, որ իրենք «իզմ»-եր չունեն: Բայց ժամանակակից աշխարհում, որտեղ քաղաքական բաժանարար գծերը երբեմն խորն անդունդ են հիշեցնում, Հայաստանի իշխող կուսակցության համար բարդ կլինի առանց քաղաքական կողմնորոշման: Առանց դրա բարդ կլինի քաղաքական աջակցություն ստանալ ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում, որտեղ հիմա իշխում են պահպանողական թեւի հանրապետականները: Դժվար կլինի նաեւ ներդրումային գործակցություն ստանալ:
 
ԵԺԿ դիրքորոշումը Հայաստանի համար կարեւոր է շատ առումներով: Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է եվրահանձնակատար Յոհանես Հանին՝ ԵԺԿ փոխնախագահներից մեկին, որը հայտնել է Հայաստանի համար ներդրումային ֆորումի նախապատրաստության մասին: Նախնական, այն կկայանա Լյուքսեմբուրգում եւ կարող է կարեւոր նշանակություն ունենալ Հայաստանի համար: Հայաստանի տնտեսությունը, չնայած որոշ խթանիչ քայլերի, առանց ներդրումների դանդաղում է, եւ Եվրոպան այս հարցում կարող է կարեւոր աջակցություն ցուցաբերել:
 
Բրյուսել մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ ՀՅԴ ղեկավարությանը եւ քննարկել հնարավոր համագործակցությունը: Վերլուծաբանները չեն բացառում, որ դա նույնպես արվել է համազգային կոնսենսուսի քաղաքականության շրջանակում, որի մասին Փաշինյանը հայտարարել է Ստեփանակերտում 2019 թվականի օգոստոսի 5-ին: Առանց ազգային օրակարգի շուրջ կոնսենսուսի, անգամ գաղափարական տարաձայնությունների պայմաններում, պետական քաղաքականությունն սպառնալիքի տակ է լինելու: Առավել եւս, եթե ինչ-որ կուսակցություններ եւ ուժեր, ելնելով Հայաստանում իշխող դաշինքի հետ տարաձայնություններից, հրաժարվում են ներդրումներից եւ անգամ համազգային մարաթոններից:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն