Երևանի արտադրամասի ճյուղը մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել. Նիկոլ Փաշինյան


Երևանի արտադրամասի ճյուղը մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել. Նիկոլ Փաշինյան

  • 24-03-2020 19:57:07   | Հայաստան  |  Հասարակություն

Մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունը ցույց է տալիս, որ Երևանի արտադրամասի ճյուղը մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր ենք արձանագրել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում: 
 
Այս մասին մարտի 24-ին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Ըստ նրա՝ հենց այս հանգամանքն է հանգեցրել այն եզրակացությանը, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառվեն: 
 
«Ըստ այդմ՝ այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է և թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը, և որ կարևոր է մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը: Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի «կենսական անհրաժեշտ» տեղաշարժի տրամաբանության մեջ: Տեղաշարժի մեջ գտնվող մեր քաղաքացիները պիտի ունենան անձը հաստատող փաստաթուղթ և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման: Ինչ վերաբերվում է կենսական անհրաժեշտ համարվող գործունեությունների և տեղաշարժերի ցանկերին, Պարետատունը դրանք հրապարակել է արդեն և հարկ չեմ համարում թվարկել բոլոր դեպքերը»,- տեղեկացրեց վարչապետը՝ հորդորելով առավելագույնս օգտվել օնլայն ծառայություններից:
 
Ն. Փաշինյանի խոսքերով՝ այս ամենն արվում է հատկապես տարեցների անվտանգությունն ապահովելու համար: 
 
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 24-ի ժամը 18.30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա, որոնց մեծ մասը Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում: Միաժամանակ ունենք առողջացումով հիվանդանոցներից դուրս գրված նախկինում կորոնավիրուսով վարակված 4 քաղաքացի, իսկ մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի:
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն