Ինքը բարերար չէ. նա ասաց՝ կտրեք բժիշկների, զինվորների փողը, բանակի փողը, վառելիքը տանկերից հանեք, ծախեք, իմ կազինոյի աշխատավարձը տվեք


Ինքը բարերար չէ. նա ասաց՝ կտրեք բժիշկների, զինվորների փողը, բանակի փողը, վառելիքը տանկերից հանեք, ծախեք, իմ կազինոյի աշխատավարձը տվեք

  • 25-03-2020 13:17:50   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը
 
-Պարոն Արշակյան, նախօրեին լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը պատասխանել է հարցին, թե արդյոք վճարելու է իր ընկերությունների աշխատակիցներին, որոնք պարապուրդի են մատնված՝ ասելով, թե ինչո՞ւ պետք է ինքը վճարի, պետությունը պետք է վճարի։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, երբ ԲՀԿ առաջնորդը ամբողջ պատասխանատվությունն ու բեռը դնում է պետության վրա։
 
-Նախ՝ թյուրիմացություն է, որ պարոն Ծառուկյանն այդպիսի ունեցվածք ունի։ Քաղաքացիական պարտքի մասին նման գիտակցություն ունեցող մարդը պետք է սոցիալապես նպաստառու լինի, որ մտածի՝ պետությունը պետք է ինձ տա, պետությունը պարտավոր է ինձ կերակրել, բուժել, կրթել և այլն։ Ինքը դա է, քաղաքացիական նկարագիրն է դա։ Սա լյուստրացիա է։ Իսկ որ ինքը շատ փող ունի, դա հիվանդության հետևանք է։ Այն, ինչ մենք հիմա անվանում ենք քրեաօլիգարխիկ, կոռումպացված, կոռուպցիոներներ, քրեականներ, օլիգարխներ, այդ բոլորը հավաքված են այդ մարդու մեջ։ Նա չգիտի, որ աղետի ժամանակ ամեն մարդ տալիս է այն, ինչ ունի։ Մեկն իր մանսագիտությունն է նվիրում անվարձահատույց, զինվորը իր արյունն է նվիրում, բժիշկն իր ծառայությունն է մատուցում, մանկավարժն իր գործն է անում, մեծահարուստն էլ իր բաժին ներդրումը պետք է կատարի։ Ինքը չգիտի, որ դա իրենը չի, դա մերն է, Հայաստանի Հանրապետության ունեցվածքն է։ Ինքը դա միայն տնօրինում է։ Ո՞վ էր իր լեզվից քաշում, որ ինքն իրեն այդպես բացահայտի։ Նա պետք է թաքնվեր, ծպտվեր, ասեր՝ այո, 100 էլ կտամ, 1000 էլ կտամ, բոլորը ձեզ, ես այնպիսի ունակություններ ունեմ, որ նորից կդառնամ այն, ինչ որ կամ։ Այ դա է ճիշտը։ Նա պետք է ասեր՝ ես ունեմ, տալիս եմ, հենց որ տնտեսությունը կվերականգնվի, ես նորից կվերականգնեմ այն իմ աշխատանքով, իմ գիտելիքներով, իմ հմտություններով, իմ խելքով ես նորից կհարստանամ։ Այ դա կլիներ հարուստ մարդու պատասխան։
 
-Նկատի ունեք, որ նա բացահայտեց, թե բարերարի համբավի տակ ո՞վ է թաքնված։
 
-Ինքը բարերար չէ, ինքը մոմ վառող է։ Բարերարները սովորաբար ծպտվում են, իսկ նա առևտուր է անում։ Նույնիսկ բարեգործության վրա է առևտուր անում, դիվիդենտներ շահում։ Քաղաքական, տնտեսական դիվիդենտներ է շահում, արդարադատության աչքերն է փակում։ Դա սովորական պոպուլիզմ է։ Ինքն իր մասին ավելի լավ ասաց, ինքը սոցիալապես նպաստառու մարդ է իր նկարագրով, իր դղյակներով, նազիր-վեզիներով, որոնք կանգնած հետևից հուշում էին, թե ինքն ինչքան փող է նվիրել։ Վերջին հաշվով, այդ մարդու կուսակցությունը հուշագիր է ստորագրել Իրինա Ռոդնինայի և Միզուլինայի կուսակցության հետ։ Իր քաղաքական հայացքներն այդպիսին են։ Իսկ թե ինչպիսի տնտեսական գործիչ է, ինքն արդեն ասաց, որ պետությունն ինչի՞ համար է, թող թոշակառուների, մանկավարժների, զինվորականների փողը կտրեն, իմ կազինոյի աշխատողների աշխատավարձը տան։ Ինքը դա ասաց, ասաց՝ կտրեք բժիշկների, մանկավարժների, զինվորների փողը, բանակի փողը, վառելիքը տանկերից հանեք, ծախեք, իմ կազինոյի աշխատավարձը տվեք, իմ շահը ապահովեք։ Իր ասածը հայերեն դա է նշանակում։ Եթե ինքը հայերեն չգիտի, իր կողքը իմացողներ կան, թող ասեն։ Մեր երկիրը սոցիալական պետություն է, թող մեկն իր ականջին լիկբեզի կարգով ասի, թե ինչ է նշանակում սոցիալական պետություն։
 
-Կարծում եք՝ սա իր վարկանիշի վրա մեծ ազդեցություն կունենա՞։
 
-Ինչի ինքը վարկանիշ ունի, որ դա էլ ազդեցություն ունենա՞։ Նա վարկանիշ չունի։ Հայաստանի դժբախտության տարիներին այդպիսի հարստություն կուտակած մարդը մենք չգիտե՞նք, թե ինչպես պետք է վարվի։ Մենք չգիտե՞նք, որ տեղաբաշխում է տեղի ունեցել։ Հարուստ հայ ժողովուրդը աղքատացել, սնանկացել է, մի խումբ քրեաօլիգարխներ հարստացել են։ Ինքը դրանցից մեկն է, երբեմն կարծում է, որ առաջինն է։ Ո՞վ չի հասկանում, թե նրանց փողերը որտեղից են առաջացել։ Դա մեկ մլն արտագաղթածների փողերն են, աղքատության սանդղակից ներքև գտնվող մեկ մլն մարդկանց փողերն են։ Այդ մարդիկ չգիտե՞ն ինչու իրենք փող չունեն, այդ փողերն այնտեղ են։ Դուք կարծում եք՝ այդ մեկ մլն մարդիկ նրան հարգո՞ւմ են։ Կամ մյուս երկու մլն-ը չգիտի՞, թե իրենց ունեցվածքն ինչպես է տեղափոխվել, ինչպես է իրենց գրպանից դուրս եկել, գնացել լցվել նրանց գրպանը։ Բոլորս էլ գիտենք, թե ով է մեղավոր, որ մարդիկ աղքատ են, որ Հայաստանի տնտեսությունն այս վիճակում է։ Իրենք էլ երբեմն հայտարարություն են անում իրենց մասին։ Դա, ըստ էության, հանցագործության մասին հայտարարություն է, դա մեղայականով ներկայանալ չի։ Դա ինքնաբացահայտում է ինքնահանցագործության մասին։
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
Հարցազրուցավար
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ