Ձե՞ռ եք առնում, այնպիսի տպավորություն է՝ դուք բաժանող եք, մենք էլ չենք թողնում. գնացեք ձեր շրջապատի հարստությունը բաժանեք մարդկանց. Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Ուրիխանյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ձե՞ռ եք առնում, այնպիսի տպավորություն է՝ դուք բաժանող եք, մենք էլ չենք թողնում. գնացեք ձեր շրջապատի հարստությունը բաժանեք մարդկանց. Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Ուրիխանյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 25-03-2020 18:58:54   | Հայաստան  |  Հասարակություն



Ձե՞ռ եք առնում, այնպիսի տպավորություն է՝ դուք բաժանող եք, մենք էլ չենք թողնում. գնացեք ձեր շրջապատի հարստությունը բաժանեք մարդկանց: 
 
Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն դիտարկմանը, թե վարկերի թեման մեծ տագնապ է առաջացել հասարակության մեջ, ինչն իրեն ստիպել է շրջանառության մեջ դնել մի նախագիծ, որով առաջարկելու է օրենքի ուժով վարկային արձակուրդ տրամադրել քաղաքացիներին արտակարգ դրության պայմաններում: 
 
Տ. Ուրիխանյանը, մասնավորպես, ասաց. 
 
«Սա լրջագույն խնդիր է. առաջարկում եմ՝ մինչև նախագիծը շրջանառության մեջ մտնի, ընթացակարգերով անցնի, կառավարությունը մի որոշում արձակի, որպեսզի մարդիկ իմանան, եթե նրանք չեն կարողանալու սպասարկել իրենց վարկերը, և այո՛, որոնեք սոցիալապես խոցելիներին, պաշտոնական թվով մոտավորապես 800 հազարի հասնող աղքատներից հանեք վարկառուներին, 550 հազար սպառողական վարկ ունենք, պետք է որոնել, փնտրել, գտնել լուծումներ օրենքի ուժով ստեղծել հնարավորություն, որպեսզի այդ արձակուրդը տրվի»: 
 
Ի պատասխան՝ կառավարության ղեկավարը նկատեց. 
 
«Մարդն անպարտաճանաչ պարտնյոր է, 6, 7 ամիս իր պարտավորությունները չի կատարում, ասում ենք՝ լավ մի երկու ամիս էլ մի վճարի. Սա առաջին իրավիճակը: Իսկ կներեք այսօր բնականոն աշխատող մարդկանց, որոնք բիզնես են անում, օրինակ՝ դիմակներ ու ալկոգել են վաճառում, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք: Երրորդը՝ բարեհաջող առևտուր անող մարդկանց, ում շահույթներն այս ընթացքում շատացել են, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք: Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր պրոբլեմներ ունեն, դրա համար մենք այսօր աջակցության 5 փաթեթ արդեն պատրաստել ենք, մյուս շաբաթ կունենանք էլի»: 
 
Ն. Փաշինյանի խոսքերով՝ շատ հեշտ է ասել՝ քաղաքացիներին հարկերից, վարկերից ազատեք, սնունդ բաժանեք, կոմունալ վարձավճարներ մի ընդունեք, բայց միայն ասելը քիչ է:
 
«Օրենսդրական նախաձեռնություն արեք, Հայաստանի բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանել, այդ թվում ոմանց ունեցվածքը բռնագանձելով»,- հեգնանքով նկատեց վարչապետը՝ հավելելով, որ ինքը կպածտպանի այդ նախագիծը: 
 
Տ. Ուրիխանյանն իր հերթին արձագանքելով՝ նկատեց, որ ինքը խնդիրների մասին բարձրաձայնում է, որպեսզի համատեղ լուծումներ գտնեն, մինչդեռ կառավարության ղեկավարը չբռնեց իր մեկնած ձեռքը: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն