«Էլիտար» խափանման միջոց «ոսկե» մեղադրյալների համար. Հովհաննես Քոչարյան


«Էլիտար» խափանման միջոց «ոսկե» մեղադրյալների համար. Հովհաննես Քոչարյան

  • 25-03-2020 19:22:09   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
ՀԱԿԱԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ
------------------------------------------
Շատ լավ է, որ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ խափանման միջոց գրավը նախատեսվում է կիրառել քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հակաիրավական վարքագծի բոլոր տեսակների կանխարգելման համար:
 
Լավ է, որ վերջապես կկենսագործվի Սահմանադրական դատարանի 2019թ. հոկտեմբերի 15-ի ՍԴՈ-1480 որոշմամբ արտահայտված հայտնի իրավական դիրքորոշումը: Դրանով հանդերձ, օրենսդրական նախաձեռնությունը կօգնի արդյոք էականորեն սահմանափակել կալանավորում խափանման միջոցի պատժիչ էությունը և քրեական դատավարությունում զարգացնել իրավունքի մարդասիրական սկզբունքը: Կարծում եմ ՝ ոչ: Պարադոքսալ բան է, բայց գրավը, հայտարարված լինելով կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոց, իրականում հանդիսացել է խափանման միջոցներից ամենամեղմը, այն նույնիսկ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի <<քաշը>> չի ունեցել: Գրավի կիրառմամբ անձի ազատ տեղաշարժի իրավունքը չի սահմանափակվում, չեն սահմանափակվում նրա սոցիալական շփումները, ինչու պետք է քրեական վարույթ իրականացնող մարմինը, հատկապես դատարանը, <<պատասխանատվություն >> վերցնի նման խափանման միջոց կիրառելու հարցում. որտեղ և որոնք են էայն երաշխիքները, որ քրեական վարույթ իրականացնողին կդրդի առանց վախերի, այդ թվում առանց պատասխանատվության ենթարկվելու մտավախության, կիրառել գրավ խափանման միջոցը /ՄԻԵԴ ու Վճռաբեկ դատարանի որոշումները խոշոր հաշվով չօգնեցին/: Ռեպրեսիվ ավանդույթները, գույքային սանկցիաների արդյունավետութան նկատմամբ թերհավատությունը, կալանավորում խափանման միջոցի՝ մեղադրյալի նկատմամբ ունեցած ճնշող ու նրան դատավարական կապիտուլյացիայի մղող էությունը, միշտ պահպանելու է կալանավորման՝ <<խափանման միջոնների թագուհու>> կարգավիճակը, հատկապես բռնի, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններով :
Առաջարկում եմ՝ գրավ խափանման միջոց կիրառելու իրավական հետևանք նախատեսել մեղադրալի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը, այնպես ինչպես ստորագրություն չհեռանալու դեպքում, քրեական վարույթ իրականացնողին իրավունք վերապահել որոշակիորեն սահմանափակելու մեղադրալի սոցիալական շփումները /մի գուցե այս միջոցները մի փոքր կրճատեն ենթագիտակցական վախերը/ հանցավոր արարքի ծանրութան աստիճանով պայմանավորված՝ օրենսդրորեն սահմանել գրավի ներքին ու վերին սահմանները, հակառակ դեպքում, եթե բազմամիլիոնանոց գրավների կիրառման պրակտիկան շարունակի թափ հավաքել, ապա այն կդառնա <<էլիտար>> խափանման միջոց <<ոսկե>> մեղադրյալների համար:
Մի խոսքով, անել ամեն ինչ, որպեսզի գրավը չդիտարկվի որպես դատավարական կապիտուլյացիայի համաձայնութան դիմաց մեղադրալին տրվող ընծա կամ ինչպես վստահորդս էր ասում՝ <<վիզա>> : Մեկուսարանները պետք է աստիճանաբար թեթևացնել, հատկապես ոչ բռնի հանցագործություների կատարման մեջ մեղադրվող անձանց հաշվին: Պետությունը դրանից կշահի:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք