Մարզահամերգային համալիրը կարող է վերածվել մեծ «հիվանդանոցի», որտեղ մահճակալներ կտեղադրվեն կորոնավիրուսով հիվանդների համար


Մարզահամերգային համալիրը կարող է վերածվել մեծ «հիվանդանոցի», որտեղ մահճակալներ կտեղադրվեն կորոնավիրուսով հիվանդների համար

  • 26-03-2020 16:17:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով , Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հնարավոր է ծառայեցվի որպես բուժհաստատություններից դուրս հավելյալ վայր, որտեղ կորոնավիրուսով հիվանդներին բուժօգնություն կտրամադրվի:
 
Ըստ մեզ հասած տեղեկությունների, այդ տարբերակը քննարկվել է եւ բացառված չէ, որ այնտեղ որոշակի հաշվարկով մահճակալներ տեղադրվեն պոտենցիալ հիվանդների համար:
 
«Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմեց պարետատան մամլո խոսնակ Մանե Գեւորգյանին, որը փոխանցեց. «Այս պահին այդ մասով տեղեկություն չկա, դիտարկվել են մի շարք վայրեր հանրապետությունով , որոնք ըստ անհրաժեշտության կարող են օգտագործվել, բայց այս պահին տեղեկություն, որ մարզահամերգային համալիրը կամ որեւէ այլ վայր հարմարեցվում է որպես հիվանդանոց, չկա»:
 
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չբացառեց մահճակալների տեղադրումը այնպիսի վայրերում, որոնք այս պահին բժշկական ծառայություն մատուցելու համար նախատեսված չեն:
 
Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակվածների միջին ծանրության եւ ծանր դեպքերի համար անհրաժեշտ է հիվանդանոցային բուժօգնություն, որը կապահովեն Երեւանի 4 հիվանդանոցային կենտրոնները՝ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի կենտրոնը, Ոստիկանության հոսպիտալը եւ Սուրբ աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաճյուղը, որոնց գումարային մահճակալային ֆոնդը կազմում է մոտավորապես 650 մահճակալ:
 
Նախարարը նշեց նաեւ մարզային բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների հնրավորություններն օգտագործելու մասին: Նա ասաց, որ Վանաձորի եւ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներ այս պահին պացիենտներ ունեն, որոնք պրակտիկորեն սիմպտոմներ չունեն կամ շատ թեթեւ սիմպտոմներ ունեն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը