Կառավարությունը շարունակում է ներդումային ծրագրերին արտոնությունների տրամադրումը. կստեղծվի 270 նոր աշխատատեղ


Կառավարությունը շարունակում է ներդումային ծրագրերին արտոնությունների տրամադրումը. կստեղծվի 270 նոր աշխատատեղ

  • 26-03-2020 18:36:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Գործադիրը բավարարել է «Գոլդշին» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝  ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու ցինկապատ և գունավոր թիթեղից տանիքածածկերի, գիպսակարտոնե պրոֆիլների և սենդվիչ պանելների արտադրության համար (ք. Երևան)։ Արդեն իսկ իրականացվել է 425.4 մլն դրամի կապիտալ ներդրում (արտադրական մասնաշենքերի և նոր սարքավորումների ձեռքբերում): Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 74 մլն դրամի կապիտալ ներդրում: Ներկայումս առկա է 80 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 250,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5.9 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.8 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 240.4 մլն դրամ:
 
Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաւ «Մուրադ-սար» ՍՊԸ-ն, որը զբաղվելու է պոլիվինիլքլորիդե պրոֆիլների՝ դռների և պատուհանների արտադրությամբ (ք. Երևան)։ Ընկերությունն արդեն իսկ իրականացվել է շուրջ 1.5 մլրդ դրամի ներդրում, որից 143,367,000 դրամն իրականացվել հոսքագծի, իսկ մնացած մասը հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ծրագրի շրջանակում կիրականացվի շուրջ 1.38 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 43 աշխատատեղ, կստեղծվի ևս 5-10 նոր աշխատատեղ` 350,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է                1,383,400,000 դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 86 մլն դրամ:
 
Գործադիրի որոշմամբ մաքսատուրքից ազատման և ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից կօգտվի «Սվետ-տեքս» ՍՊԸ-ն, որը Գյումրիում զբաղվելու է հագուստի՝ տրիկոտաժի արտադրություն, մանկական ներքնաշորերի արտադրությամբ: Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 60 մլն դրամի կապիտալ ներդրում, նախատեսում է ծրագրի շրջանակում իրականացնել 720 մլն դրամի չափով ներդրում` ԵԱՏՄ-ից ներմուծվող հումքի համար, ինչպես նաև նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 60 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 240 նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1.2 մլրդ դրամ, որը 2020 թվականին ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, իսկ հետագայում կարտահանվի նաև երրորդ երկրներ (ԵՄ, ԱՄՆ): 
 
Այլ որոշումներ. սահմանվել է իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրով ներկայացված տվյալների շրջանակը
 
Կառավարությունը սահմանել է իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, որն առանց սահմանափակման և պետական տուրքի վճարման հասանելի է հանրությանը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:  Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի պահանջների` իրական սեփականատերերի բացահայտման պարտավորություն ունեցող իրավաբանական անձինք՝   մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման  և մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կազմակերպությունները մինչև փետրվարի 20-ը Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր են ներկայացրել իրենց կազմակերպության իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը բխում է ՀՀ-ում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) իրականացման շրջանակում ստանձնած պարտադիր կատարման ենթակա պարտավորությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) 4-րդ գործողությունների ծրագրի «Իրական սեփականատերերի բաց, հանրային գրանցամատյանի ներդրում» հանձնառությունից: ԱՃԹՆ-ն պահանջում է, որ իրական սեփականատերերի վերաբերյալ ամբողջական տվյալները առանց սահմանափակումների և անվճար հասանելի լինեն հանրությանը: 
 
Գործադիրը հաստատել է պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը՝ ոլորտում արդյունավետության բարձրացման նպատակով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարումը, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրականացվող գույքի վաճառքը կամ վարձակալությունը իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, որի ստեղծման և գործարկման պատասխանատուն կհանդիսանա կոմիտեն: Պետական գույքի ոլորտում  նոր մոտեցումների կիրառումը կբարձրացնի  պետական գույքի տնտեսական շրջանառության արդյունավետությունը և կնպաստի անշարժ գույքից ստացվելիք եկամուտների ավելացմանը։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն