Հրաժարական է տվել Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարը
26-03-2020 19:19:04 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել Լոռու մարզի Մեծավան խոշորացված համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը: Հրաժարականի դիմումը նա ներկայացրել է ավագանու նիստին: Ավագանու 11 անդամներից նիստին ներկա 10 անդամները հաստատել են համայնքի ղեկավարի հրաժարականը:
ՀԺ-ն փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Սերյոժա Վարդանյանից, հեռախոսազանգին, սակայն, պատասխանեց համայնքի ղեկավարի տեղակալ Արուս Դումիկյանը, որն էլ տեղեկությունը հաստատեց: Ըստ տեղակալի՝ հրաժարականի պատճառը Սերյոժա Վարդանյանի առողջական խնդիրներն են: Վարդանյանը Մեծավանի գյուղապետ էր ընտրվել 1996 թ.-ից:
Նրա անունը շրջանառվում է մի քանի քրեական գործերի՝ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ յուրացումների հետ: Նա 2018 թ.-ին ձերբակալվել էր չարաշահումներ կատարելու կասկածանքով, սակայն պատճառված վնասը վերականգնելուց հետո ազատ էր արձակվել:
Լոռու մարզպետարանի ՏԻՄ վարչությունից ՀԺ-ին հայտնեցին, որ, ըստ գործող կարգի, 3-օրյա ժամկետում Լոռու մարզպետը պետք է համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակի: Այնուհետ արդեն ավագանու որոշումը կներկայացնեն կառավարություն, որն էլ ընտրության օր կորոշի: