Ինչն է պահել Հայաստանն այսքան տարի. սոցիալական ցնցման ուրվականը


Ինչն է պահել Հայաստանն այսքան տարի. սոցիալական ցնցման ուրվականը

  • 28-03-2020 15:16:05   | Հայաստան  |  Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստում է հակաճգնաժամային գործողությունների վերաբերյալ նոր որոշումներ, որոնք ապահովելու են բարդ վիճակում հանրությանը ցուցաբերվող օժանդակության առավել հասցեականությունը: Վարչապետ Փաշինյանը այդ մասին խոսել է քաղաքացիների հետ հեռախոսային խոսակցություններից հետո:
 
Կորոնավիրուսի պայմաններում տնտեսական անկման եւ սոցիալական լարվածության խնդիրը ամենաքննարկվող թեմաներից է: Տարբեր հարթակներում խոսվում է ընդհուպ սոցիալական ցնցումների մասին:
 
Սոցիալական հետեւանքը ամենամեծ մարտահրավերներից մեկն է, եւ այն անարձագանք թողնելու եւ առավելագույն հասցեականությամբ աջակցություն չցուցաբերելու դեպքում կարող են լինել անկանխատեսելի հեռանկարներ:
 
Սակայն, որքա՞ն է իրատեսական Հայաստանում սոցիալական ցնցման հեռանկարը: Եթե կառավարությունը չանի ոչինչ, ապա գուցեեւ իրատեսական է: Բայց, ընդհանուր առմամբ Հայաստանում հազիվ թե իրատեսական է խոսել սոցիալական ցնցման մասին, մի քանի էական նախադրյալի բացակայության պատճառով:
 
Նախ, Հայաստանում կառավարությունը լեգիտիմ է: Իհարկե, մարդիկ կարող են դժգոհել լեգիտիմ կառավարությունից էլ, դա էլ կարող է հանգեցնել կառավարության վարկանիշի որոշակի նվազման: Բայց դա դեռեւս սոցիալական ցնցման նախադրյալ չէ: Շատ բնական է, որ կորոնավիրուսը կարող է որոշակիորեն փոխել քաղաքական վարկանիշային պատկերը: Բայց այդ հանգամանքը էական ազդեցություն չի ունենա ուժերի ընդհանուր հարաբերակցության համատեքստում:
 
Միաժամանակ, Հայաստանում գործնականում բացակայում է ուժ, քաղաքական կամ հասարակական միավոր, որը կարող է արդյունավետ առաջնորդել որեւէ սոցիալական դժգոհություն:
 
Կարո՞ղ է լինել այսպես ասած ինքնաբուխ ցնցում: Դարձյալ՝ տեսականում կարող է, բայց գործնականում Հայաստանի հանրությունը սեփական պետությանը վերաբերում է շատ ավելի մեծ պատասխանատվությամբ ու հոգատարությամբ, քան այդ պետությունը մոտ երեք տասնամյակ ղեկավարած կամ էլ նրանց հետ մրցակցած ընդդիմադիր այսպես կոչված էլիտաները:
 
Հակառակ պարագայում, Հայաստանում հասարակական-քաղաքական զարգացումները կընթանային բացարձակապես այլ սցենարով, եւ բանը չէր հասնի թավշյա հեղափոխությանը: Առավել եւս, որ բազմաթիվ անգամներ եղել են իրադարձությունների այլ՝ ցնցումային, բախումնային սցենարով ընթանալու առիթներ եւ անգամ որոշակի հիմքեր:
 
Բայց, Հայաստանի պետականությունը՝ կառավարման մոտ երեք տասնամյակի խիստ անարդյունավետ համակարգի առկայության պայմաններում, պահվել է գործնականում պետության հանդեպ հասարակության, ոչ թե քաղաքական դասի պատասխանատվության վրա: Քաղաքական դասը՝ կառավարիչների եւ ոչ կառավարիչների, գործնականում մակաբուծել է հանրության այդ պատասխանատվության վրա:
 
Ներկայում կառավարության խնդիրն է չշահագործել այդ պատասխանատվությունը: Այն, որ Նիկոլ Փաշինյանը զանգահարում է քաղաքացիներին, թերեւս հուշում է, որ նա լավ է պատկերացնում խնդիրը, այդ թվում՝ պետության հանդեպ հանրության պատասխանատվությունը ճգնաժամի իրավիճակում հնարավորինս եւ ընդգրկուն կապիտալիզացնլու անհրաժեշտությունը:
 
Հակոբ Բադալյան
մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն