Դեռ շատ դիմակներ կպատռվեն. ՀԺ


Դեռ շատ դիմակներ կպատռվեն. ՀԺ

  • 28-03-2020 16:25:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական Ժամանակ Արդեն իսկ ակնհայտ է, որ կորոնավիրուսի համաճարակը հսկայական վնաս է հասցնելու համաշխարհային տնտեսությանը, եւ Հայաստանը չի կարողանալու խուսափել դրանից։
 
Այդ իսկ պատճառով ՀՀ իշխանություններն այսօր աշխատում են առավելապես երկու ուղղություններով՝ պայքարում են բուն կորոնավիրուսի դեմ եւ ջանում են հնարավորինս մեղմել տնտեսությանը հասցվելիք անխուսափելի հարվածները։ Ընդորում՝ այս երկրորդ ուղղությունը գուցե նույնիսկ ավելի կարեւոր է, որովհետեւ կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի գտնվելուն պես վարակը շատ արագ կնահանջի, իսկ ահա վարակի հարուցած տնտեսական հետեւանքների հաղթահարումը կարող է շատ ավելի երկար տեւել։
 
Բանն այն է, սակայն, որ համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքների մեղմումը նույնպես արդյունավետ կարող է լինել միայն պետության եւ հասարակության (տվյալ դեպքում՝ գործարար շրջանակների) համատեղ ջանքերով։ Հիմա այն վիճակը չէ, որ խոշոր գործարարները մի քանի ամսվա ուտելիքի պաշարով փակվեն իրենց դղյակներում ու հայտարարեն, թե որեւէ մեկի համար որեւէ պատասխանատվություն չեն կրում, թող պետությունը ոնց ուզում է՝ հոգա ժողովրդի կարիքները։  Մինչդեռ ԱԺ պատգամավոր, խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանն ըստ էության հենց այդպես էլ ասաց։ Եթե մի կողմ թողնենք ընդհանուր բնույթի վերամբարձ դատողությունները, նրա ասածը մոտավորապես սա էր՝ «բայց ես ինչո՞ւ պիտի վճարեմ իմ աշխատողների աշխատավարձերը, պետությունն է արտակարգ դրություն հայտարարել՝ թող պետությունն էլ վճարի, «Շանգրի Լա»-ի հարկերն էլ հետը»:
 
Վստահաբար, շատ գործարարներ նույնպես այդպես են մտածում, եւ այդ տրամաբանությունն ինչ-որ տեղ հասկանալի է. իբր՝ մենք հարկերը վճարում ենք, թող պետությունն էլ բարի լինի այդ հարկերով լուծել բոլորի, այդ թվում՝ նաեւ մեր աշխատողների խնդիրները։ Թե օրենսդրական ինչ կարգավորումներ կան այս հարցում՝ այնքան էլ հստակ չէ, բայց ակնհայտ է նաեւ, որ խնդիրը միայն «չոր օրենքը» չէ, ցանկացած հասարակության մեջ նաեւ չգրված նորմեր ու կանոններ կան։ Նույն Գագիկ Ծառուկյանն, օրինակ, կոչ է անում, որ պետությունը բոլորի հոգսն իր վրա վերցնի (առանց այդ կոչի էլ, ի դեպ, պետությունը փորձում է հենց այդպես էլ անել), ու միաժամանակ դժգոհում է, որ «հարկայինը սաղի կաշիները քերթում է»:
 
Հետաքրքիր է՝ բա եթե հարկեր չհավաքի, ինչո՞վ պիտի հոգա բոլորի կարիքները։ Կամ՝ որքանո՞վ է ճիշտ, որ, օրինակ, ուսուցիչների կամ բժիշկների վճարած հարկերով պետությունը վճարի, ասենք, «Շանգրի Լա»  կազինոյի աշխատողների աշխատավարձերը։ Բացի այդ էլ, Հայաստանի տիպի երկրներում, որպես կանոն, խոշոր գործարարները հսկայական հարստություն են կուտակում հազարավոր մարդկանց աշխատանքի դիմաց չնչին կոպեկներ վճարելով, այսինքն՝տարիներ շարունակ այդ մարդկանց վերաբերում են որպես «կթու կովերի»: Բայց գյուղացին որ գյուղացի է՝չի ասում «կովս ցամաքել ա, մի քանի ամիս կաթ չի տալու, ես ինչի՞ պիտի մի քանի ամիս նրան իզուր տեղը խոտ տամ, թող պետությունը տա»:
 
Իհարկե՝ քանի դեռ օրենսդրական հստակ կարգավորումներ չկան, բիզնեսմենները կարող են իրենք որոշել՝ դժվար պահերին բախտի քմահաճույքի՞ն են թողնում իրենց աշխատողներին, թե՞ համաձայն են մի քիչ էլ իրենք տուժել, բայց կանգնել նրանց կողքին։ Բայց համաձայնվեք՝ ամեն դեպքում այնքան էլ ազնիվ չէ լարված պահերին մարդկանց «պետության դուռն» ուղարկելը, թե «ինչ պահանջում եք՝ գնացեք իրենցից պահանջեք»: Լարված ժամանակները կանցնեն, ամեն ինչ կկարգավորվի, բայց նման պահվածքը առանց նստվածք չի մնա։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play