Արտերկրում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների առողջական վիճակի հետ կապված մտահոգվելու առիթ չկա. Բրիգադի հրամանատար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Արտերկրում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների առողջական վիճակի հետ կապված մտահոգվելու առիթ չկա. Բրիգադի հրամանատար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 28-03-2020 17:01:59   | Հայաստան  |  Հասարակություն

Աշխարհում կորոնավիրուսի սրընթաց տարածման պայմաններում Աղֆանստանում, Լիբանանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների առողջական վիճակի հետ կապված մտահոգվելու առիթ չկա: 
 
Ինչպես ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, իրենք պարբերաբար հարցեր և մտահոգություններ են ստանում առ այն, թե ինչպիսի՞ն է ՀՀ ԶՈՒ խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողների առողջական վիճակը, ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում զորախմբերի կազմում:
 
Նշյալ հարցերի պատասխանն ստանալու համար ՊՆ մամուլի խոսնակը ուղիղ եթերում դիմեց Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանին, ում միջոցով նաև տեսակապ հաստատվեց արտերկրում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերի ներկայացուցիչների հետ: 
 
Ա. Տոնոյանը տեղեկացրեց, որ իրենք մշտական կապի մեջ են զորախմբերի հետ, հետևում և վերահսկում են նրանց կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների իրականացմանը: 
 
Բրիգադի հրամանատարն առաջինը տեսակապ հաստատեց Աղֆանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Թադևոսյանի հետ: 
 
Վերջինս տեղեկացրեց, որ զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բնականոն հունով, իսկ կորոնավիրուսի հետ կապված որևէ մտահոգիչ խնդիր ու խոչընդոտ չունեն: 
 
«Իրականացված կանխարգելիչ միջոցառումները հետևյալն են. կրճատվել է քաղաքացիական բնակչության ելքը և մուտքը մեր ռազմաբազա, իսկ զինծառայողներին բաժանվել են սպիրտային լուծույթներով փոքրիկ տարաներ, որոնք զինծառայողները պահում են իրենց գրպանում, և բաժանվել են մի փոքր ավելի մեծ տարաներ, որոնք տեղադրված են գրասենյակներում, միջանցքներում, ժամանցի և այլ նշանակության սենյակներում, որպեսզի զինծառայողները հաճախակի ախտահանեն իրենց ձեռքերը: Իսկ զինծառայողների ստուգման հետ կապված զորախմբում ունենք բժշկուհի, որը շատ հետևողականորեն հետևում է զինծառայողների առողջական վիճակին»,- ընդգծեց Կ. Թադևոսյանը: 
 
Ըստ էության նույն տեղեկատվությունը տրամադրեցին նաև Կոսվոյում և Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերի ներկայացուցիչները: 
 
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադն իրականացնում է միջազգային խաղաղարար առաքելություններ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում և ՆԱՏՕ-ի՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրով Կոսովոյում և Աֆղանստանում: 
 

 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն