Հայերը ստիպված կլինեն վերադառնալ Ռուսաստանից


Հայերը ստիպված կլինեն վերադառնալ Ռուսաստանից

  • 30-03-2020 12:29:43   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանը տեղաշարժի ու տնտեսական գործունեության կոշտ սահմանափակումներ է մտցրել: Փակվել են շինհրապարակները, եւ միգրանտները, ովքեր մեկնել էին աշխատելու, մնացել են դատարկաձեռն:
 
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը գտնում է, որ հատկապես խոցելի վիճակում են հայտնվելու հայաստանցի միգրանտները, ովքեր աշխատում են շինարարության ու ծառայությունների ոլորտում: Շատերը ստիպված են լինելու վերադառնալ հայրենիք, ասում է նա: Խնդիրներ են ունենալու նաեւ Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր գտնվում են Ռուսաստանում հայկական համարանիշներով իրենց մեքենաներով:
 
Շատերը դեռ սպասում են, թե երբ է ավարտվելու կարանտինը, սակայն Ռուսաստանում, ինչպես այլ երկրներում, սահմանափակումներն առայժմ խստացվում են: Երբ կավարտվի այս ամենը՝ ոչ ոք չի կարող ասել:
 
Կորոնավիրուսը մարդկանց ստիպում է փոխել դարավոր սովորույթները, մենթալիտետը: Հայերը, ովքեր ավանդաբար խնդիրներից խուսափել են արտագաղթով, հիմա դա չեն կարող անել՝ տեղ չկա գնալու: Հայաստանի նախկին ղեկավարները նույնիսկ խրախուսում էին արտագաղթը: Օրինակ, նախկին վարչապետներից մեկն ասում էր, որ եթե մարդիկ չգնան արտագնա աշխատանքի, կմնան ու հեղափոխություն կանեն:
 
Ներկայում, համաշխարհային «կենսաբանական պատերազմի» պայմաններում հարկ է մնալ սեփական հայրենիքում եւ ինքնիշխան որոշումներ կայացնել, մշակել սեփական հողը եւ սերմեր ցանել:
 
Հայերը միշտ հեռացել են՝ երկրաշարժից, Սումգայիթից հետո, երբ սկսվեց Արցախյան պատերազմը, երբ Հայաստանում ցուրտ էր ու վատ: Հայերը հեռանում էին անարդարությունից, արդարադատության բացակայությունից, հեռանում էին, երբ երկրում տեղի ունեցավ հեղափոխություն, բայց տնտեսական կտրուկ փոփոխություններ չեղան: Հեռանալը վերածվել է ինքնանպատակ ինչ որ բանի՝ շենգենի մուլտիվիզան կամ ամերիկյան 10-ամյա վիզան համարվում էին դրախտի տոմս:
 
Հիմա «թռնելու» տեղ չկա, կորոնավիրուսն ամենուր է, բոլորը տներում նստած սպասում են, թե երբ կհանեն կարանտինը:
 
Համավարակն ինքնիշխան որոշումներ կայացնելու շանս է: Վերազգային միավորումները, «մետրոպոլիաները» զբաղված են իրենց խնդիրներով, եւ Հայաստանը կարող է որոշումներ կայացնել բացառապես իր շահերից ելնելով: Դա տեղի է ունենում ոչ միայն պետական, այլեւ անհատական մակարդակով՝ բոլորը կանգնել են իրենց խնդիրներին հանդիման, ոչ մի տեղ փրկություն չկա, բացի սեփական տնից ու հայրենիքից:

 

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն