Կորոնավիրուսային հիվանդությամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու մոտ բարելավում է նկատվել. Արսեն Թորոսյան


Կորոնավիրուսային հիվանդությամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու մոտ բարելավում է նկատվել. Արսեն Թորոսյան

  • 30-03-2020 12:28:54   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու մոտ բարելավում է նկատվել: 
 
Այս մասին մարտի 30-ին հրավիրված կառավարության արտահերթ նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 
 
Ըստ նրա՝ բժիշկների աշխատանքի շնորհիվ հնարավոր է նշյալ  հիվանդի արհեստական օդափոխության սարքն անջատեն: 
 
Ա. Թորոսյանի փոխանցմամբ ՝ առողջական վիճակի բարելավում է նկատվել ևս երկու ծանր վիճակում գտնվող հիվանդների մոտ, որոնց կտեղափոխեն սովորական հիվանդասենյակ: 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց, թե արդյոք 14 ծանր վիճակում գտնվող հիվանդների առողջացման դինամիկան կանխատեսելի է, ինչին ի պատասխան՝ Ա. Թորոսյանը նշեց. 
 
«Իհարկե որոշակի կանխատեսումներ կարող ենք անել, նման վիճակագրություն կա համաշխարհային, որ եթե ինտենսիվ թերապիայի է հասնում պացիենտը, ապա 50 տոկոսը գնում է ինկուբացիայի և այդ ինկուբացված պացիենտների՝ կոնկրետ այս վիրուսով վարակված, շատ քիչ տոկոսն է ապրում, որովհետև ինկուբացիայի փուլն արդեն շատ ծանր է լինում: Մեր թվերը փոքր են, և շատ դժվար կլինի կանխատեսում անել: Յուրաքանչյուր դեպք ինդիվիդուալ է, օրինակ՝ ունենք նաև ծանր դեպք, որը երիտասարդ է, սակայն մեծ հավանականությամբ կդադարի ծանր լինել և միջին կդառնա շուտով, հետո ամբողջությամբ կապաքինվի»: 
 
Նախարարի խոսքերով՝ ի վերջո յուրաքանչյուր պացիենտի ունեցած քրոնիկական հիվանդություններն են որոշում ելքը, որովհետև առանց քրոնիկական հիվանդությունների անձիք միայն կորոնավիրուսով  վարակված լինելու դեպքում նույնիսկ չեն հասնում վերակենդանացման բաժանմունք: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն