Գրանցված եւ չգրանցված աշխատողների խնդիրը. ով կընդունի վարչապետի առաջարկը


Գրանցված եւ չգրանցված աշխատողների խնդիրը. ով կընդունի վարչապետի առաջարկը

  • 30-03-2020 17:03:58   | Հայաստան  |  Վերլուծություն

Կորոնավիրուսի ճգնաժամն ու դրա տնտեսական հետեւանքը Հայաստանում բացեցին թե տնտեսության, թե հասարակական հարաբերությունների համակարգային խնդիրներից մեկը՝ գրանցված եւ չգրանցված աշխատողների խնդիրը:
 
Թեման առավել մեծ քննարկման արժանացավ խորհրդարանում վարչապետ Փաշինյանի հայտարարություններից հետո, որտեղ նա նշում էր, թե պետության համար դյուրին է գտնել գրանցված այն աշխատողին, որը ճգնաժամի հետեւանքով ունի սոցիալական աջակցության կարիք:
 
Անմիջապես եղավ շահարկում, թե պետությունը ձեռքերը լվանում է չգրանցված աշխատողների հարցում: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, թե ցանկացած մեկը կարող է ասել, թե ինքն աշխատել է չգրանցված եւ ակնկալել պետական աջակցություն: Ինչպե՞ս հավատալ, ասում է Փաշինյանը: Միաժամանակ, նա քաղաքացուն կոչ է արել դիմել ՊԵԿ, ու եթե քննությունը կպարզի, որ նա իսկապես աշխատել է, բայց չգրանցված, ապա կներառվի աջակցության ցանկում:
 
Ճգնաժամը բոլորին՝ թե կառավարությանը, թե քաղաքացուն կանգնեցրել է փաստի առաջ: Փաստ, որը Հայաստանում մոտ երեք տասնամյակ կառավարած համակարգի էական արատներից մեկն է՝ չգրանցված աշխատատեղ, որը ենթակա չէ սոցիալական պաշտպանության:
 
Ո՞վ է այստեղ եղել մեղավոր՝ աշխատո՞ղը, որ չի պահանջել գրանցում, գործատու՞ն, որը չի գրանցել, թե՞ պետությունը, որը չի ապահովել վերահսկողությունը: Այս իրավիճակը եղել է կառավարող համակարգի անօրինական եւ հակապետական բնույթի հետեւանքը:
 
Կա բոլորի մեղքի, պատասխանատվության բաժինը, բայց այժմ դրա քննարկման ժամանակը չէ, այժմ ժամանակն է գտնել աջակցության տարբերակներ, որովհետեւ ի վերջո որեւէ դեպքում խոսքը Հայաստանի սոցիալ-հոգեբանական վիճակի եւ տնտեսական վիճակի առողջացման մասին է:
 
Այդ իմաստով, կարո՞ղ է էֆեկտիվ լինել կառավարության առաջարկը՝ դիմել ՊԵԿ եւ ապացուցել, որ եղել ես չգրանցված աշխատող: Կարող է, ընդ որում մի քանի իմաստով՝ թե սոցիալական ապահովության, թե տնտեսական հետագա ռազմավարական առողջության, երբ ճգնաժամը կամա թե ակամա կօգնի էապես լուծել չգրանցված աշխատատեղերի խնդիրը:
 
Բայց, կարող է առաջանալ խնդիր, երբ քաղաքացին ձեռնպահ կմնա ՊԵԿ դիմելուց, քանի որ կարող է սպառնալ գործատուն: Ակնառու է, որ պետությունը պետք է մի կողմից գործատուին տա երաշխիք, որ նա այս պայմաններում չի պատժվի չգրանցված աշխատող ունեցած լինելու համար, մյուս կողմից պաշտպանության որոշակի մեխանիզմ առաջարկել նաեւ քաղաքացուն:
 
Հնարավոր է նաեւ տարբերակ, երբ գործատուն կգերադասի քաղաքացու սոցիալական աջակցությունը վերցնել իր վրա, միայն թե նա չդիմի ՊԵԿ: Կստացվի, որ հարցը ունի լուծում, սակայն այս դեպքում ռազմավարական իմաստով չգրանցված աշխատատեղը կմնա չբացահայտված:
 
Պետությունը պետք է ճգնաժամի պայմաններում փորձի գտնել ռեսուրս ու ժամանակ խնդրին ավելի երկարաժամկետ լուծում տալու համար, բիզնեսին ճգնաժամային աջակցության տարր դիտարկելով չգրանցված աշխատողերին կամովին գրանցելու հանգամանքի որոշակի խրախուսումը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am  

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն