ԱԺ-ն ընդունեց կորոնավիրուսով վարակվածների շփման շրջանակը հեռախոսազանգերի ֆիքսման միջոցով բացահայտելու օրինագիծը


ԱԺ-ն ընդունեց կորոնավիրուսով վարակվածների շփման շրջանակը հեռախոսազանգերի ֆիքսման միջոցով բացահայտելու օրինագիծը

  • 30-03-2020 16:03:48   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: 
 
Նշենք, որ մինչ քվերակությունն օրենքի հետ կապված իրենց մտահոգություններն էին հայտնել ինչպես ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների, այնպես էլ «Իմ քայլ»-ի մի շարք պատգամավորներ: 
 
«Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադառնալով քննարկվող օրինագծին՝ նշեց. 
 
«Խնդրի վերաբերյալ տարընկալումներից խուսափելու համար արձանագրենք, որ այս նախագիծը չի ենթադրում որևէ բովանդակային վերահսկողություն թե հեռախոսազանգերի, և թե հաղորդագրությունների բովանդակության մասին, այլ ընդամենը փաստում է, որ տեղի է ունեցել զանգ կամ հաղորդագրություն այս կամ այն համարին: Երկրորդը՝ պետք է արձանագրենք, որ ամբողջությամբ, իհարկե նախագիծը հարցը չի լուծում և չկա որևէ մեկ գործիք, որն աշխարհում ընդհանրապես կլուծեր բոլոր հարցերը: Սա նույնպես հասկանալի է, ուղղակի մոտեցնում է և օգնում է կառավարությանը և պարետատանը լրացուցիչ արդյունավետ կառավարում իրականացնել: Հասկանալի է նաև, որ այս պահին այդ տվյալներին հասանելիությունը հնարավոր է բացառապես դատարանի որոշմամբ և դրանով է պայմանավորված նախագծի անհրաժեշտությունը»:
 
Նա նաև ընդգծեց, որ լսելով իրենց գործընկերների դիտարկումները՝ «Իմ քայլը» խմբակցությունն ունի առաջարկներ կառավարությանը, որոնք կներկայացնեն 1-ից 2-րդ ընթերցումների ընթացքում: 
 
Նշենք, որ սույն օրենքների նախագծերի փաթեթով հնարավորություն է տրվում պատկան մարմիններին համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնել, մասնավորապես, բացահայտել կորոնավիրուսով վարակված անձանց հետ հեռախոսով շփված կոնտակտավորների շրջանակը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն