Նախագծի նպատակը հասկանալի է, բայց կիրառվող միջոցները խնդրահարույց են. Գևորգ Գորգիսյանը՝ ԱԺ-ի ընդունած օրինագծի մասին
30-03-2020 17:26:39 | Հայաստան | Հասարակություն
Նախագծի նպատակը հասկանալի է, բայց կիրառվող միջոցները խնդրահարույց են և շատ հարցեր առաջացնող:
Այս մասին մարտի 30-ին Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
«Առաջին խնդրահարույց կետը՝ ինչո՞ւ է պետք պահպանել քաղաքացիների հեռախոսազանգերը, թե ով ում հետ է խոսել և երբ: Եթե մենք ուզում ենք ընդամենը նրա շփման՝ ֆիզիկապես շփման շրջանակը պարզել, դրա համար ուղղակի պետք է նրա դիրքը և այդ դիրքը համեմատել այլ մարդկանց դիրքերի հետ, եթե պատրաստվում ենք բոլորի դիրքերն ունենալ: Զանգել դեռ չի նշանակում ֆիզիկական շփվում և հակառակը. ֆիզիկական շփում դեռ չի նշանակում, որ ինչ-որ մեկը զանգել է ինչ-որ մեկին»,- նկատեց Գ. Գորգիսյանը:
Նրա խոսքերով, եթե անգամ մարդկանց տվյալները պահպանվելու են ապանձնավորված, ապա միևնույն է, այդ տվյալները ցանկացած պահի կարելի է անձնավորել և պարզել, թե ովքեր են եղել տվյալ անձինք:
«Չկա նաև որևէ սահմանափակում, թե կոնկրետ այն հիմնարկությունը, որը պետք է զբաղվի սրանով, ինչ տեղեկատվական և տեխնիկական մեթոդներ պետք է կիրառի: Մենք գործ ունեն շատ լուրջ մարդկանց տվյալների տոտալ վերահսկողության գործիքների հետ, բայց չունենք որևէ վերհսկողության մեխանիզմներ, թե այն մարդիկ, որոնք պահելու են այս տվյալները, ինչ ստանդարտների պետք է համապատասխանեն: Նախագիծը շատ մտահոգիչ է, պետք է աշխատենք այս ամենը շտկելու ուղղությամբ»,- ընդգծեց պատգամավորը: