Վլադիմիր Պուտինի «վերջին պահը». թանկարժեք զոհաբերությունը


Վլադիմիր Պուտինի «վերջին պահը». թանկարժեք զոհաբերությունը

  • 31-03-2020 13:29:45   | Ռուսաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանն անցնում է կարանտինի համապետական ռեժիմի: Մոսկվայում այդ ռեժիմը հաստատելուց հետո, ՌԴ վարչապետ Միշուստինը դիմել է ռեգիոններին, հորդորելով անցնել նույն ռեժիմին: Ռուսաստանում կորոնավիրուսի տվյալի վիճակագրության իսկությունը կասկած է առաջացրել շատերի մոտ, սակայն ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ կասկածի տակ է ցանկացած վիճակագրություն, եթե չի կատարվում համատարած թեստավորում:
 
Սակայն, տվյալ պարագայում բանը Ռուսաստանում վարակի դեմ պայքարը չէ, այլ դրա քաղաքական հետեւանքը կամ ազդեցությունը, մասնավորապես Ռուսաստանում նախատեսվող սահմանադրական փոփոխության առումով: Հայտնի է, որ ապրիլի 22-ն նախատեսվող հանրաքվեն ՌԴ նախագահը հետաձգել է անորոշ ժամանակով: Սակայն հարցն այն է, թե արդյոք հանրաքվեին Պուտինը կվերադառնա երբեւէ, կամ ավելի շուտ՝ կվերադառնա այն տեսքով, ինչով հետաձգել է:
 
Բանն այն է, որ մինչ հետաձգումն էլ իրավիճակը զարգացավ հետաքրքիր սցենարով: Նախ Պուտինն ազդարարեց սահմանադրական փոփոխությունը, որով առաջարկում էր իշխանության ապակենտրոնացում: Դա վկայում էր, որ նա պատրաստվում էր իշխանությունը թողնելուն եւ դիտարկում հետագա անվտանգության առավելագույն երաշխավորված միջավայր: Ավելին, ռուսական պրոպագանդայի առաջամարտիկներից մեկը՝ հայկական Սիմոնյան ազգանունով, մի քանի ամիս առաջ ազդարարել էր, թե իր կարծիքով Պուտինը չի լինի հաջորդ նախագահը: Իսկ այդպիսի մարդիկ անձնական կարծիք չեն ունենում:
 
Սակայն ամենավերջին պահին, երբ Դուման պետք է քվեարկեր հանրաքվեի որոշման օգտին եւ հաստատեր սահմանադրական փոփոխության նախագիծը, հենց դահլիճում հանկարծ հնչեց Տերեշկովայի առաջարկը՝ զրոյացնել Պուտինի մինչ այդ եղած նախագահական ժամկետն ու նրան տալ 2024 թվականին առաջադրվելու հնարավորություն: Առաջարկը բնականաբար ընդունվեց, դրան հավանություն տվեց Դումայի նիստին եկած Պուտինը:
 
Ուրեմն ի՞նչ էր պատահել վերջին պահին: Նրա նախկին խորհրդական, վերջին տարիներին Վաշինգտոնում ապրող եւ աշխատող Անդրեյ Իլարիոնովը կարծում է, որ վերջին պահին այդ փոփոխության կամ այսպես ասած նորամուծության պատճառը եղել է Հաագայի դատարանում քննվող մալայզիական օդանավի դատական գործը եւ հենց այդ օրը տարածված տեղեկությունը, որ դատարանում վկայություն է տվել ոմն անձ, որը օդանավի խոցման բերած հրթիռի արձակման ժամանակ եղել է Բուկ հրթիռային համալիրի կողքին: Հայտնի է, որ քննությունը հաստատված է համարում, որ մոտ 300 մարդու կյանք խլած աղետի պատճառը եղել է Դոնբասի տարածքից ՌԴ-ից բերված ԲՈՒԿ համալիրով արձակված հրթիռը:
 
Իլարիոնովը կարծում է, որ դատարանում վկայի քննությունը էապես մտահոգել է Պուտինին, որն էլ շտապել է զրոյացնել իր ժամկետը, որովհետեւ դատարանի հետապնդումից պաշտպանված լինելու երաշխիք տեսնում է նախագահի պաշտոնը:
 
Նախկին խորհրդականը փաստացի ակնարկում է ոչ միայն ՌԴ ներկայիս նախագահի տագնապը անմիջական դատական գործընթացով, այլեւ այն, որ Պուտինը չի վստահում նաեւ Ռուսաստանի իշխող համակարգին, չի վստահում, որ այդ համակարգը կարող է չհանձնել իրեն, եթե նա այլեւս չլինի նախագահ:
 
Այստեղ ակնհայտորեն ուրվագծվում է Ռուսաստանում իշխանության խնդրի խորքային բնույթը, ինչի մասին առիթ եմ ունեցել գրելու մի շարք հրապարակումներում:
 
Ահա այդ համատեքստում էլ արդիական է հարցը, թե ինչ կփոխի վերջին պահին կորոնավիրուսը, որը փոխում է աշխարհը: Եթե Պուտինը չի վտահում համակարգին, ապա այստեղ առնվազն առաջանում է հարցը՝ իրադարձությունը ՌԴ իշխանության հարցում զարգանում է Պուտինի՞, թե՞ համակարգի սցենարով: Որովհետեւ, եթե կա այդ վստահության խնդիրը, ապա հազիվ թե նախագահի պաշտոնը Պուտինի համար լինի հուսալի երաշխիք: Որովհետեւ նա այդ պաշտոնում կարող է համակարգի համար դիտվել անհրաժեշտ պահին զոհաբերության թանկարժեք ֆիգուր:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն