Փաշինյանի համար շատ կարևոր էր, որ նախագահ չընտրվի Բալասանյանը, ով բացահայտ հակամարտության մեջ էր մտել Հայաստանի իշխանությունների հետ


Փաշինյանի համար շատ կարևոր էր, որ նախագահ չընտրվի Բալասանյանը, ով բացահայտ հակամարտության մեջ էր մտել Հայաստանի իշխանությունների հետ

  • 01-04-2020 14:29:12   | Հայաստան  |  Քաղաքական

 
Քաղաքագետ Արմեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում նախնական դիտարկումներ է արել Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին:
 
Նա գրել է.
 
«Ինչպես որ նախկինում մի քանի անգամ ասել եմ Արցախում Հայաստանի իշխանությունը 2 ֆավորիտ թեկնածու ուներ՝ Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը ու Նիկոլ Փաշինյանի համար շատ կարևոր էր, որ նախագահ չընտրվի Վիտալի Բալասանյանը, ով բացահայտ հակամարտության մեջ էր մտել Հայաստանի իշխանությունների հետ: 
 
Արայիկ Հարությունյանը նաև Արցախի իշխանության հովանավորությունն էր վայելում ու կարելի է ասել կոնսենսուսային թեկնածու էր Երևանի և Ստեփանակերտի համար: Նա մեկ տարուց ավել է, ինչ սկսել է ոչ պաշտոնական քարոզարշավը ու էս ընթացքում միլիոնավոր դոլարներ է ծախսել ընտրարշավի վրա ու նրա՝ առաջին տեղը զբաղեցնելը տրամաբանական էր: 2-րդ տեղը զբաղեցրած Մասիս Մայիլյանը, կարծում եմ լավ քարոզարշավ չանցկացրեց ու նաև որոշակի խնդիրներ ունի ճանաչելիության հետ կապված: 
 
Իմ համար զարմանալի էր, որ Արցախի գյուղերում ապրող իմ ծանոթ-բարեկամներին կոչ էի անում քվեարկել Մասիս Մայիլյանի օգտին ու ոմանք նույնիսկ չգիտեին թե ով է նա: Ստեփանակերտում նրա հավաքած ձայները բավականին շատ են: Էս առումով Արցախի արտգործնախարարը շատ անելիքներ ունի ու պետք է այնպես անի, որ նրան նաև հեռավոր գյուղերում ճանաչեն: Կարծում եմ, եթե նույնիսկ Մասիս Մայիլյանը 2-րդ փուլի արդյունքներով չընտրվի նախագահ, ապա Հայաստանի ու Արցախի նոր նախագահի համար կլինի արտգործնախարարի կոնսենսուսային թեկնածու, առավել ևս, որ Արայիկ Հարությունյանի թիմում նման կարգի բարձր դիվանագետ չկա:
 
Ինչ վերաբերում է 3-րդ տեղը զբաղեցրած Վիտալի Բալասանյանին, ապա նա ի սկզբանե շատ սխալ դիրքավորում էր ընտրել՝ Հայաստանի իշխանությունների հետ կոշտ հակադրության մեջ մտնելով ու նաև անհիմն մեղադրանքներ ներկայացնելով նրանց հասցեին: Արցախի բնակչության մի ստվար հատված շատ լավ է հասկանում, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունների հակամարտությունը կարող է հղի լինել լուրջ հետևանքներով և հավանաբար հենց դրա համար շատերը ձայն չեն տվել Բալասանյանին: Շատ ցավալի է, որ հաջորդ ԱԺ-ում չի լինի Հայկ Խանումյանը: 
 
Խանումյանը նախագահ լինելու համար պատրաստ չէ, բայց որպես Աժ պատգամավոր կարող էր շատ մեծ օգուտ տալ բնակչությանը, քանի որ հարց լուծող պատգամավոր է եղել ու ամենաակտիվներից մեկը խորհրդարանում: 
 
Դեռևս ընտրություններից առաջ իմ մի քանի ընկերների մոտ ասել էի, որ Հայկ Խանումյանը սխալ քաղաքական հաշվարկներ է կատարել ու նա պետք է Մասիս Մայիլյանի հետ դաշինք կազմեր և համատեղ ցուցակով մասնակցեին ԱԺ ընտրություններին: 
 
Այդ դեպքում, հավանաբար, Մայիլյան-Խանումյան տանդեմը ներկայացված կլիներ խորհրդարանում: Եվ վերջում՝ իմ համար շատ մեծ անակնկալ էր ԱԺ-ում Սամվել Բաբայանի կուսակցության հայտնվելը: Բաբայանի անձը ոչ միանշանակ է ընդունվում Արցախում, քանի որ նրա՝ ՊՆ եղած ժամանակ Արցախում տիրած բեսպրեդելի մասին բազմաթիվ ոչ հաճելի պատմություններ կան: 
 
Սակայն, պարզվեց, որ նա դեռևս մնում է ազդեցիկ ֆիգուր Արցախում ու նաև նրա շնորհիվ է, որ Մասիս Մայիլյանը այդքան շատ ձայներ հավաքեց: Ինչ վերաբերում է ընտրությունների որակին, ապա շատ բան չեմ ասի, միայն կասեմ, որ այն դեռևս հեռու է ցանկալի ընտրություններ լինելուց: 
 
Վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկությունները, քվեաթերթիկները նկարելը ստվեր են գցում ընտրությունների որակի վրա: Ամեն դեպքում, շնորհավորում եմ Արցախի ԱԺ-ում հայտնված բոլոր քաղաքական ուժերին ու նաև հուսով եմ, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ավելի որակյալ ընտրություններ կլինեն ու հաղթողի լեգիտիմության հարցը կասկածի տակ չի դրվի ոչ մեկի կողմից»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play