Նաղդալյան.«Ադրբեջանում ժողովրդավարության ցածր չափանիշները խոչընդոտ են խաղաղ գործընթացի համար». regionmonitor.com


Նաղդալյան.«Ադրբեջանում ժողովրդավարության ցածր չափանիշները խոչընդոտ են խաղաղ գործընթացի համար». regionmonitor.com

  • 01-04-2020 18:01:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ խորհրդարանում հնչեցրած ելույթին:
 
«Ադրբեջանի նախագահը նորանշանակ խորհրդարանի բացման նիստին հանդես է եկել ընդարձակ ելույթով, որում հերթական անգամ տեղ են գտել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ատելության խոսքի հստակ դրսևորումներ:
 
Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների լեգիտիմության ցածր մակարդակը, քաղաքական և ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու անկարողությունը Ադրբեջանի իշխանությունները փորձում են քողարկել ագրեսիվ, անհիմն և մտացածին պնդումներով, որոնք Հայաստանից և հայ ժողովրդից բացի ուղղվում են նաև եվրոպական երկրներին, եվրոպական կառույցներին, Ադրբեջանում ընտրությունները դիտարկած միջազգային դիտորդական առաքելությանը: 
 
Հատկապես մտահոգիչ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իր անհիմն մեղադրանքներում խաղարկել կրոնական քարտը՝ մի կողմից եվրոպական երկրներին մեղադրելով կրոնական հողի վրա միգրանտների իրավունքների խախտումների մեջ, իսկ մյուս կողմից՝ կրոնական համերաշխության կոչեր անելով  ԼՂ հակամարտության համատեքստում: 
 
Ադրբեջանի նախագահի կողմից պատմական և աշխարհագրական նոր «հայտնագործություններով» ուղեկցվող հայ ժողովրդի հանդեպ թշնամանքի քարոզը արմատապես հակասում է վերջին շրջանում խաղաղության համար բարենպաստ միջավայր ձևավորելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Ադրբեջանի հանձնառություններին:
 
Այս տեսակետից պետք է փաստել, որ Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը, մասնավորապես այդ գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:   
 
Սեփական լեգիտիմությունը հարևան ժողովրդի հանդեպ ատելության և միջազգային համայնքի հանդեպ անվստահության վրա կառուցելու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության փորձերն անպատասխանատու են և կարող են վտանգել տարածաշրջանի խաղաղությունը և անվտանգությունը»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play