Ապրիլյան պատերազմում մեր կորուստները չէին լինի այդչափ ողբերգական, եթե չլինեին պետական կառավարման համակարգում արմատավորված արատավոր ու հոռի երևույթները. Արման Բաբաջանյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին


Ապրիլյան պատերազմում մեր կորուստները չէին լինի այդչափ ողբերգական, եթե չլինեին պետական կառավարման համակարգում արմատավորված արատավոր ու հոռի երևույթները. Արման Բաբաջանյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին

  • 02-04-2020 10:24:49   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով 2016 թվականի Ապրիլյան պատերազմին՝ գրել է. 
 
«Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցը: Ապրիլյան պատերազմը 1994 թվականի զինադադարի կնքումից ի վեր տեղի ունեցած ամենալայնամասշտաբ ռազմական գործողությունն էր, որին Ադրբեջանը դիմեց՝ ելնելով մի շարք աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործոններից ու դրանց համադրությունից: 2016 թվականի ապրիլյան պատերազմը լայն իմաստով 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետևանքն էր:
 
Հայաստանն այդ կառույցին անդամակցեց որպես հիմնական փաստարկ բերելով անվտանգության խնդիրները, սակայն անդամակցությանը հաջորդած շուրջ երեք տարիները ցույց տվեցին, որ այդ արկածախնդիր քայլը թուլացրեց Հայաստանը ինչպես ներքնապես, այնպես էլ արտաքնապես: Շուրջ 3.5 տարի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցելուց հետո մեկ գիշերվա ընթացքում Սերժ Սարգսյանի կայացրած որոշման արդյունքում Հայաստանը ձեռք բերեց անհուսալի գործընկերոջ համարում, ինչը մեզ զրկեց աշխարհում, առավելապես Արևմուտքում բնական դաշնակիցներից: Այդ պայմաններում Ադրբեջանը, օգտվելով նաև Ռուսաստանի առնվազն լոյալ, բացառված չէ՝ նաև ստվերային աջակցությունից, դիմեց լայնածավալ ռազմական սադրանքի, որը հնարավոր եղավ կանգնեցնել բացառապես մեր զինված ուժերի, զինվորների, սպաների ու հրամանատարների անձնվեր ու իրապես հերոսական ծառայության շնորհիվ: Հայկական զինված ուժերը կանխեցին տարածաշրջանային մեծագույն ռազմական ավանտյուրան, որը մեր տղաների հակահարվածին չարժանանալու դեպքում կարող էր էականորեն փոխել ստատուս քվոն և ուժերի հարաբերակցությունը Արցախում ու նրա շուրջը:
 
Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք կորցրինք ավելի քան 100 հայորդիների, ինչպես նաև կրեցինք շուրջ 800 հեկտար տարածքի կորուստ: Մինչև այսօր էլ ապրիլյան պատերազմի հետ կապված շատ մանրամասներ մնում են չբացահայտված: Այդ հանգամանքների ուսումնասիրությամբ է զբաղված խորհրդարանական համապատասխան հանձնաժողովը, որի աշխատանքների ավարտին, հուսանք, կտրվեն շատ հարցերի պատասխաններ:
 
Ակնհայտ է, սակայն, որ ապրիլյան պատերազմում մեր կորուստները չէին լինի այդչափ ողբերգական, եթե չլինեին պետական կառավարման համակարգում, այդ թվում՝ զինված ուժերում տասնամյակներ շարունակ արմատավորված արատավոր ու հոռի երևույթները, համակարգային կոռուպցիան ու գանձագողությունը: Այդ բոլոր գործոնների համադրությունը հանգեցրել էր նրան, որ 2016 թվականի ապրիլին մեր զինված ուժերը գտնվեցին նվազ պատրաստվածության ու ապահովվածության վիճակում, ինչի համար մենք վճարեցինք մեր երիտասարդների կյանքի ու կորսված տարածքների գնով:
 
Անկախ բոլոր այդ հանգամանքներից ու պատճառներից, սակայն, ապրիլյան քառօրյա պատերազմը իրական հերոսապատում էր, որը կերտեցին մեր շարքային զինվորները, սպաներն ու հրամանատարները, կերտեցին՝ ցավոք վճարելով նաև սեփական կյանքով:
 
Հավերժ խոնարհում ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակների հիշատակի առաջ»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play