20 հազար աշակերտ եւ ուսուցիչ հեռավարի համար չունեն էլեկտրոնային սարքեր


20 հազար աշակերտ եւ ուսուցիչ հեռավարի համար չունեն էլեկտրոնային սարքեր

  • 02-04-2020 13:40:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեռ վաղ է չափել կրթության այս եղանակի արդյունավետությունը
 
Այս օրերին երեւանամերձ գյուղական համայնքների աշակերտներից, նրանց ծնողներից բողոք-դժգոհություններ եմ լսել այն մասին, որ գյուղական շրջաններում պատշաճ կերպով հեռավար ուսուցում չի իրականացվում։
 
Հիշեցնեմ, որ արդեն մոտ երկու շաբաթ է՝ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված, Հայաստանում կրթությունն իրականացվում է հեռավար եղանակով։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրուցել եմ ուսուցման մեխանիզմի փոփոխության, դրական եւ բացասական կողմերի մասին։ Դիտարկելով ծնողների եւ աշակերտների բողոքները, պատգամավորը նախ մեջբերեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունն առ այն, որ հանրապետությունում հեռավար կրթությունն իրականացվում է մոտ 80 տոկոսով, ապա ընդգծեց, որ այդուհանդերձ կան օբյեկտիվ դժվարություններ կապված տեխնիկայի հետ։
 
«Այս նպատակով նախարարությունն իրականացնում է, այսպես ասած, արշավ, որին մասնակցեց նաեւ Ազգային ժողովը՝ ծրագրի իրականացման համար նվիրելով համակարգիչներ։ Սակայն պիտի նշեմ, որ դեռեւս 20 հազար էլեկտրոնային սարքերի անհրաժեշտություն կա։ Մեծ թվով աշակերտներ եւ ուսուցիչներ դեռես չունեն սարքեր։ Հեռավար կրթությունն օրենքով նախատեսված էր իրականացնել մեկ տարի անց, սակայն իրավիճակը ստիպեց արագ քայլեր ձեռնարկել։ Նախարարությունը դիմեց այդ քայլերին, բուհերը՝ եւս։ Գրեթե բոլոր դասերը կայուն իրականացվում են։ Այն երեխաները, որոնք ունեն էլեկտրոնային սարքեր, ոգեւորված են եւ դասերը բնակարաններում պարտաճանաչ իրականացնում են։ Իհարկե, չեմ կարծում, որ այսքան կարճ ժամանակահատվածում հնարավոր լինի տեխնիկայի բացը լրացնել։ Սակայն քայլեր արվում են։ «Թումո» կենտրոնը եւ մի շարք այլ կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել տեխնիկա նվիրել»,–ասաց պատգամավորը։
 
Հեռավար կրթության վերջնարդյունքները գնահատելու, չափումներ իրականացնելու առումով Հովհ. Հովհաննիսյանը որոշակի խնդիրներ է տեսնում. «Հիմնական մտահոգությունն այն է՝ հնարավո՞ր է, արդյոք, վերջնարդյունքներն ամբողջությամբ չափել, թե՞ ոչ։ Այս օրերին նախարարությունն աշխատում է արդյունքները գնահատելու ուղղությամբ»։ Պատգամավորը զերծ մնաց հեռավար կրթության արդյունավետության մասին գնահատական հնչեցնելուց։ Հարցին՝ կգա՞ ինչ—որ ժամանակահատված, երբ հեռավար ուսուցումն իր արդյունավետությամբ ամբողջապես կփոխարինի առկա ուսուցմանը, նա պատասխանեց. «Դպրոցների պարագայում ամբողջապես չեմ կարող ասել։ Կարծում եմ, որ կենդանի շփումը հնարավոր չէ փոխարինել որեւէ այլ բանով։ Այդուհանդերձ, շատ համալսարաններում հեռավար կրթության գործիքները ներդրվել եւ բավականին արդյունավետ աշխատել են։ Մեր համալսարաններում որոշակի խնդիրներ կան, իհարկե։ Հատկապես տարեց դասախոսները գործիքների կիրառման դժվարություններ ունենում են։ ԵՊՀ—ում մեծ մասն արդեն «zoom» հարթակի միջոցով իրականացնում է դասերը, ի դեպ, ես նույնպես։ Ուսանողները գոհ են դասընթացների իրականացման ընթացքից։ Գործընթացը փոքր—ինչ դանդաղում է, բայց, այդուհանդերձ, հունի մեջ են ընկնում»։
 
Պատգամավորը կարծում է, որ սա լավ առիթ է՝ հետագայում, եթե որեւէ դասախոս հիվանդության կամ ինչ—ինչ պատճառով ֆիզիկապես դասին ներկա չլինի, կկարողանա տնից կամ գործուղումից դասը լրացնել։ Երկշաբաթյա փորձնական շրջանի մասին էլ ասաց, որ կարծիք չի կարող հայտնել, քանի որ նախարարությունն ամբողջական տվյալներ չի տվել. «Վաղ է այդպիսի տվյալներ տալ։ Ինչպես արդեն նշեցի՝ դասընթացները 80 տոկոսով իրականացվում են։ Գործի է դրվել նաեւ հեռուստատեսությունը, որպեսզի ուսումնական պրոցեսը չտուժի։ Նորից եմ կրկնում, այս ձեւաչափը կենդանի շփմանն ամբողջությամբ փոխարինել չի կարող, որովհետեւ բոլոր գործիքները դեռեւս մշակված չեն։ Դժվար կլիներ երկշաբաթյա ժամկետում այդ գործիքները մշակել, բայց նախարարության կողմից արվում է առավելագույնը, որպեսզի արդյունավետությունը պահվի, եւ արտակարգ դրության պայմաններում երեխաները չտուժեն»։
 
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն