Կանխավճար կտրամադրվի Զինված ուժերին սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպություններին


Կանխավճար կտրամադրվի Զինված ուժերին սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպություններին

  • 02-04-2020 17:47:37   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է հնարավորություն ընձեռել Զինված ուժերի սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացն իրականացնել կանխավճար տրամադրելու միջոցով: 
 
Կազմակերպությունները բարձրաձայնել են, որ իրենց մոտ առկա են ֆինանսական դժվարություններ: Ըստ այդմ՝ ստեղծված իրավիճակում կազմակերպությունների կողմից իրականացվելիք լրացուցիչ ծախսերը և ոլորտի տեմպերի հնարավոր դանդաղեցումները մեղմելու համար որոշմամբ առաջարկվում է պայմանագրերով սահմանված սննդի պատրաստման և մատուցման ծառայության բաղադրիչի (մեկ զինծառայողի մեկ օրվա 3000 դրամ վճարման ենթակա) մասով կանխավճարի հատկացում: 
Կանխավճարը կարող է տրամադրվել հաշվի առնելով կազմակերպությունների առաջարկը՝ պարտադիր պայման սահմանելով կանխավճարի ապահովման բանկային երաշխիքի ներկայացումը: Կանխավճարի մարումը նախատեսվում է իրականացնել ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվելիք վճարումներից՝ 10 տոկոսի չափով նվազեցնելու միջոցով:
 
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է զինվորների սննդի ապահովման նոր համակարգի կարևորությունը, որը  տեղավորվում է կառավարության քաղաքական պարտավորության տրամաբանության մեջ: «Մենք ասում ենք, որ ծնողը զինվորին բանակ ուղարկելուց հետո չպետք է նրա մասին  հոգ տանի, որպեսզի որակյալ սնունդ ուղարկի: Եվ մենք տեսնում ենք, որ այն զորամասերում, որտեղ համակարգը ներդրված է՝ սննդի որակի  էական անգամներով փոփոխություն ունենք: Երբ առաջին անգամ սկզբնական շրջանում մենք այս նախագծի ներդրման նպատակահարմարությունն էինք քննարկում, մենք բոլորս գիտեինք, որ մտնում ենք մութ անտառ, որտեղ շատ պարամետրեր ի սկզբանե հայտնի և կանխատեսելի չեն, և մենք պետք է զրոյից ստեղծեինք գոյություն չունեցող համակարգ: Եվ այդ համակարգի ստեղծման ճանապարհին պետք է ունենանք նաև բազմաթիվ հարցեր, և ի սկզբանե մենք պայմանավորվել ենք, որ պետք է լինենք համբերատար, չխուսափենք հարցեր առաջադրելուց և այդ հարցերին պատասխանելուց»,-ասել է կառավարության ղեկավարը: 
 
Վարչապետը նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի է ունեցել ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ առնվազն չորս քննարկում: «Շարունակելու ենք առանձնացնել այն հարցերը, որոնք ծագում են: Այդ քննարկումները բավականին բովանդակալից են, բավականին պրոբլեմներ են ի հայտ գալիս, պրոբլեմներ են բարձրացվում և՛ Պետական վերահսկողական ծառայության կողմից, և՛ մատակարար ընկերությունների կողմից, և՛ Պաշտպանության նախարարության կողմից: Եվ մենք պայմանավորվել ենք, որ համբերատար պետք է այդ բոլոր հարցերը լուծենք՝ ոչ մի վայրկայնով չմոռանալով մեր գործողությունների հիմնական շահառուին»:
 
Վարչապետի խոսքով, այս ամենի նպատակը մեկն է՝ զինվորին ապահովել հնարավորինս բարձրորակ սննդով: «Ընկերություններն այս ընթացքում ներդրումներ են արել, և դրանք չեն փոխհատուցվել, բայց կան նրբություններ, որոնք պետք է պարզաբանվեն: 
Ինձ համար միանշանակ է, որ  այս ծրագիրը պետք է մինչև վերջ շարունակվի, և մեր ամբողջ Զինված ուժերն անցնեն սննդի մատակարարման այս նոր համակարգին: Իհարկե, այս գերնպատակը չպետք է մեզ խանգարի նաև հարցեր դնել, այդ հարցերին պատասխանել, թերությունները շտկել և այդպես շարունակ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այս որոշման նախագիծը բազմակողմանի քննարկումների արդյունք է:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play