Կառավարությունն իր առջև խնդիր է դրել կապիտալ ծախսերի խթանման միջոցով ստեղծել նոր աշխատատեղեր


Կառավարությունն իր առջև խնդիր է դրել կապիտալ ծախսերի խթանման միջոցով ստեղծել նոր աշխատատեղեր

  • 04-04-2020 14:01:24   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կառավարությունն ամենօրյա ռեժիմով շարունակելու է մշակել միջոցառումներ, սակայն առայժմ չեն կարող պնդել, թե կարողացել են տեղորոշել այն բոլոր քաղաքացիներին, ովքեր երկրում ստեղծված իրավիճակի պայմաններում ունեն աջակցության կարիք: 
 
Այս մասին ապրիլի 4-ին հրավիրված կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Ըստ նրա՝ կորոնավիրուսի համաճարակն ամբողջ աշխարհում առաջացրել է տնտեսական և սոցիալական բարդություններ, իսկ կառավարությունների ամենամեծ մարտահրավերն այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշումներ կայացնելն է, քաղաքականություն վարելը:
 
«Ըստ էության՝ մենք այսօր կենտրոնանում ենք հետևյալ խնդիրը լուծելու հենց այն պահից սկսած, երբ դրա լուծումը համաճարակային առումով կդառնա հնարավոր, խոսքն աշխատատեղերի ստեղծման մասին է: Մենք գիտենք, որ բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և կառավարությունը պետք է խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը»,- ընդգծեց Ն. Փաշինյանը: 
 
Նրա փոխանցմամբ՝ աշխատատեղերի ստեղծմանը կարող է խթանել կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումը և դրանց ծավալների հնարավոր մեծացումը: 
 
Վարչապետի խոսքերով՝ ներկայումս կառավարության աշխատանքը բաժանվել է երկու հիմնական մասի՝ առաջինը պարետատան գործունեությունն է, երկրորդը՝ սոցիալ-տնտեսական աջակցության միջոցառումների ձևակերպումը, մշակումն ու ընդունումը, ինչպես նաև կապիտալ ծախսերի խթանումը: 
 
«Կապիտալ ծախսերի խթանման կոնկրետ ուղղություններով պատասխանատուներ են մեր նախարարները, գերատեսչությունների ղեկավարները, և իհարկե Հայաստանում քրոնիկ միշտ կապիտալ ծախսերի թերակատարման պրակտիկա է եղել, բայց նոր համաճարակային իրավիճակում կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը և դրա հնարավոր շրջանակի ու ներդրման ծավալների ընդլայնումն առանձնահատուկ նշանակություն է ստանում, որովհետև ըստ էության այս նոր պայմաններում մենք գնահատում ենք, որ կապիտալ ծախսի չկատարման ամեն տոկոսը դրանք կոնկրետ մարդիկ են, կոնկրետ ընտանիքներ, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն սատնում: Հետևաբար տնտեսական ուղղությամբ մեր խնդիրը հենց կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է, որն իր հետևից կստեղծի նոր համակարգ, նոր աշխատող ձեռնարկություններ, և սա պետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու գործում»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը: 
 
Վերջինիս տեղեկացմամբ՝ կառավարությունը սկսում է քննարկել նաև վարկային ծրագրերը, քանի որ այս պահին ՀՀ-ում կան մոտ 1մլրդ 300մլն դոլարի վարկային միջոցներ, որոնք ծասխված չեն և սպասում են իրենց ծախսմանը: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն