Անսպասելի իրավիճակ Արցախում. կարեւոր որոշում


Անսպասելի իրավիճակ Արցախում. կարեւոր որոշում

  • 06-04-2020 14:16:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Վերլուծություն

Արցախի նախագահի ընտրությանը երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուն՝ Մասիս Մայիլյանը, ընտրությանը չմասնակցելու կոչով դիմել է ընտրողներին: Մասիս Մայիլյանը նշել է, որ պարզապես ի գիտություն է ընդունում Արցախի ԿԸՀ հրապարակած տեղեկությունը եւ Հայաստանի դիտորդների գնահատականը, արձանագրելով, որ ընտրությունը հեռու էր նոր իրավիճակում Արցախի հանրության ակնկալած որակից:
 
Նախագահի ընտրությանը առաջին փուլում չհաղթեց ոչ ոք, երկրորդ փուլ դուրս եկան նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Երկրորդ փուլի քվեարկությունը լինելու է ապրիլի 14-ին: Մասիս Մայիլյանը ընտրողներին կոչ է անում բոյկոտել քվեարկությունը:
 
Մասիս Մայիլյանը նաեւ հայտարարել է, որ ամենեւին չի հրաժարել նոր Արցախի իր տեսլականից եւ համաճարակից հետո թիմի հետ միասին անելու են այդ տեսլականին միտված կոնկրետ աշխատանքներ: Մայիլյանը հայտարարել է իր մոտեցումների ու գաղափարների համար պայքարը շարունակելու մասին:
 
Արցախում համապետական ընտրության արդյունքում ստեղծվել է բավական բազմիմաստ իրավիճակ: Խորհրդարան է անցել հին խորհրդարանի մեծամասնություն կազմող երեք ուժ՝ 2008-18 թվականների վարչապետ Արայիկ Հարությունյանի կուսակցությունը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի կուսակցությունը, ՀՅԴ-ն: Անցել է եւս երկու ուժ՝ Վիտալի Բալասանյանի Արդարությունը եւ Սամվել Բաբայանի Միասնական Արցախը:
 
Վիտալի Բալասանյանը ընդդիմություն չէ: Սամվել Բաբայանը առաջին փուլում աջակցել էր Մասիս Մայիլյանին, սակայն խորհրդարան անցնելուց հետո արդյոք նրա մոտ մնացել է այդ աջակցության մոտիվացիա:
 
Այդպիսով, Արցախի համապետական ընտրությանը հին համակարգի մասով ձեւավորվել է «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակ, ինչը Հայաստանի քաղաքական դաշտում ձեւավորելու անհրաժեշտության մասին խոսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Արդյոք այն, ինչը համակարգային իմաստով չի ստացվել Հայաստանում, հաջողվեց ձեւավորել Արցախում:
 
Այստեղ հատկանշական է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականը, որ Արցախում ընտրությունը եղել է բարձր որակի: Մյուս կողմից, այստեղ առաջանում է թերեւս առանցքային հարցը. իսկ ի՞նչ պետք է աներ Նիկոլ Փաշինյանն Արցախի ընտրության լեգիտիմությունը կասկածի տակ դնելու դեպքում: Խդիրը ունի գործնականում շատ ավելի լայն բնույթ, քան զուտ ընտրության արդյունքը: Խոսքը հայկական անվտանգության ռազմա-քաղաքական ամբողջական համակարգի մասին է: Ըստ այդմ, լուծումը եւս պետք է լինի համակարգային: Դա թերեւս ենթադրում է, որ Արցախում ընտրությունն ի գիտություն ընդունելով, ձեւավորվի լեգիտիմ նոր իրողություն կամ իրականություն: Մեծ հաշվով այն, ինչը կա Մասիս Մայիլյանի հայտարարության տողատակում, նկատի ունենալով համաճարակից հետո նոր Արցախի վերաբերյալ գաղափարներն իրացնելու աշխատանքի մասին:
 
Այդ իմաստով, Մասիս Մայիլյանի առաջ գործնականում խնդիր է Արցախում ձեւավորել քաղաքական ինստիտուցիոնալ ընդդիմություն կամ, այլ կերպ ասած՝ ինստիտուցիոնալացնել նոր Արցախը: Արցախի համար դա հույժ կարեւոր է:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play