«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատի է տվել ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանին. ՀԺ


«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատի է տվել ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանին. ՀԺ

  • 06-04-2020 16:43:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատի է տվել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
 
Թավադյանը պահանջում է զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել եւ փոխհատուցել վնասը։
 
Հայցը ներկայացվել է ապրիլի 1-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին։
 
Թավադյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը 2020 թվականի մարտի 4-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնում» Բրիտանիայի դեսպանատան կազմակերպած «Իրական սեփականատերերի հրապարակայնությունը մեդիաոլորտում» թեմայով քննարկման ժամանակ Աշոտ Մելիքյանի հայտարարությունն է այն մասին, թե Արմեն Թավադյանը ցուցարարներին կաշառք է բաժանել. «Խնդրել ենք դատարանին պարտավորեցնել հերքել այս տեղեկությունը որպես զրպարտություն»։
 
Հարցին, թե որքան փոխհատուցում են պահանջել, փաստաբանը պատասխանեց. «2 միլիոն դրամի չափով»։
 
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ՀԺ-ից տեղեկացավ իր դեմ ներկայացված հայցի մասին։ Հարցին՝ իր հայտարարությունը զրպարտություն համարում է, Մելիքյանը պատասխանեց. «Ես հիմնվել եմ այն քրեական գործի վրա, որը հարուցված է ընդդեմ Արմեն Թավադյանի, ոչ թե իմ պնդումներն եմ արել, այլ այն հրապարակումներին եմ հղում տվել, որոնք եղել են տարբեր լրատվամիջոցներում»։
 
Հարցին՝ պատրաստվում է հերքել այդ հայտարարությունը, նա պատասխանեց. «Ես կդիմեմ իմ փաստաբանին, եթե հայցը հետ չվերցնեն, մենք այն կլուծենք դատարանում»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play