2018 թվականից ի վեր՝ ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելացել են 1 մլրդ 100 մլն դոլարով. Այդուհանդերձ, վարչապետը դժգոհ է հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից


2018 թվականից ի վեր՝ ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելացել են 1 մլրդ 100 մլն դոլարով. Այդուհանդերձ, վարչապետը դժգոհ է հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից

  • 06-04-2020 20:09:17   | Հայաստան  |  Հասարակություն

Ես մի քանի անգամ հրապարակային ասել եմ, նորից կրկնեմ, որ հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից գոհ չեմ: 
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Նրա փոխանցմամբ՝ այդ թեմայով վերջերս մի քանի անգամ խորհրդակցություններ է հրավիրել և կոնկրետ հանձնարարականներ տվել պատկան մարմիններին, որպեսզի հակակոռուպիցոն գործերի արդյունավետությունն էականորեն ավելանա: 
 
«Իհարկե, մենք փորձել ենք դուրս բերել պատճառները, և հիմա էլ այդ պրոցեսն ընթացքի մեջ է, թե որտեղ կան օբյեկտիվ պատճառներ, որտեղ են, որ կան սուբյեկտիվ պատճառներ, որ այդ գործերը բավարար արդյունավետությամբ առաջ չեն ընթանում: Բայց նաև իմ գործընկերները գիտեն, որ եթե այդ արդյունավետությունը չբարձրանա, արդեն այլ կարգի որոշումներ պետք է մենք կայացնենք»,- ընդգծեց Ն. Փաշինյանը: 
 
Վերջինս անդրադառնալով նախկին կոռուպցիոներներից բռնագանձված և պետական բյուջե վերադարձված գումարներին՝ նշեց, որ խնդիրը միայն բռնագանձված կամ բռնագաձվելիք գումարները չեն, այլ խնդիրն այն է, որ 2018 թվականից մինչև այս պահը ՀՀ պետբյուջեի եկամուտներն ավելացել են 1 մլրդ 100 մլն դոլարով: 
 
Ըստ Ն. Փաշինյանի՝ այդ գումարն օդից չի ընկել, այլ գոյացել է ստվերի, մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում. 
 
«Կա նաև քրեական գործերով, որից ես գոհ չեմ, բայց 40 մլրդ դրամ այս պահին հետ է բերվել, իսկ հարուցված քրեական գործերը վերաբերում են 190 մլրդ դրամի չարաշահումների, բայց սա ամբողջը չէ: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, և մենք ամեն ինչ անելու ենք դրա էֆեկտիվությունը մաքսիմալ բարձրացնելու համար»: 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն