Տաթևիկ Ռևազյանի հրաժարականի համար որևէ հիմք չեմ տեսնում


Տաթևիկ Ռևազյանի հրաժարականի համար որևէ հիմք չեմ տեսնում

  • 07-04-2020 12:23:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir. am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը
 
 
Տիկին Մակունց, մի քանի օր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից։ Պարզաբանում տրվեց, բայց նաև շեշտվեց, որ առկա է խնդիր, և երկու տեղական ավիաընկերություններ ժամանակավորապես զրկվել են Եվրոպա չվերթների իրավունքից։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։ Սա Հայաստանի ու ԵՄ միջեւ խնդիր կառաջացնի՞:
 
Որքանով տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի տրամադրած տեղեկատվությունից, ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են զրկել արտոնագրից, այլ 2 ավիաընկերությունների։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Քաղավիացիայի կոմիտեն դեռևս մանրամասներ կտրամադրի մեզ իրավիճակի վերաբերյալ, և միայն դրանից հետո պարզ կդառնա, թե որքանով կապ ունի Քաղավիացիայի կոմիտեն այդ ավիաընկերություններին արտոնագրից ժամանակավոր զրկելու հետ։ Ինչ վերաբերում է ՀՀ և ԵՄ միջև խնդիր առաջանալուն, ապա, իմ գնահատմամբ, այս իրավիճակը որևէ խնդիր չի առաջացնի։ Բոլոր հարցերի պատասխանները վերջնական կլինեն իրավիճակին ավելի մանրամասն տեղեկանալուց հետո։
 
Հնչում էին կարծիքներ, որ Քաղավիացիայի ղեկավարը պիտի հրաժարական տա։ Նման հարց իշխանությունը քննարկու՞մ է։ Ստեղծված իրավիճակի լուծման ինչպիսի՞ ուղիներ կան։
 
Տաթևիկ Ռևազյանի հրաժարականի համար որևէ հիմք չեմ տեսնում։
 
Տիկին Մակունց, այս օրերին կարծիքներ են հնչում համացանցում, թե որտեղ են «Իմ քայլ»-ական պատգամավորները, ընդհանրապես ինչո՞ւ են պասիվացել։ Հնարավո՞ր է, որ այս պասիվությունը պայմանավորված է նաև համաճարակով։ Փորձում եք ավելի քի՞չ հանդիպել միմյանց։
 
Պատգամավորներն այս օրերին, ինչպես միշտ, զբաղված են օրենսդրական գործունեությամբ։ Նաև սահմանում են վերահսկողություն այս պահին պարետի կարգադրությունների հետ կապված իրենց համայնքներում։ Նրանք խնդիրներ հայտնաբերելուն պես դրանք տրամադրում են պարետատանը՝ օժանդակելով այդ խնդիրների օպերատիվ լուծմանը։ Այո, «Իմ քայլը» խմբակցությունն այս պահին առերես նիստեր չի անցկացնում։ Դրանք արվում են առցանց, վարակի փոխանցման հավանականությունը նվազեցնելու համար։
 
Տիկին Մակունց, տեսակետ կա, որ եթե մենք հիվանդությունից մահերի և տնտեսության փլուզման միջև ընտրում ենք տնտեսության փլուզումը, ապա կստանանք և՛ մեծաթիվ մահեր, և՛ տնտեսական ճգնաժամ։ Համամի՞տ եք։
 
Իհարկե, առաջնահերթ պետք է համարել մարդկանց կյանքը, առողջությունը, սակայն չի կարող անտեսվել տնտեսական բաղադրիչը, և վարակի կորի հարթեցմանը զուգընթաց, անշուշտ, պետք է ակտիվանա նաև տնտեսությունը։ Դրան այլընտրանք պարզապես չկա։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play